Ամերիկացիները կոնգրեսական Թուլսի Գաբարդի ելույթը լավագույնն են համարել դեմոկրատների հեռուստաբանավեճում
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը, ամերիկացիների կարծիքով, մյուսներից ավելի լավ է ելույթ ունեցել դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճում: Այդ մասին վկայում է Washington Examiner թերթի առցանց հարցումը:
Այդ հարցման տվյալների համաձայն, այս պահի դրությամբ քվեարկածների մեկ երրորդից ավելին (39 տոկոս) Գաբարդին է համարել բանավեճերի հաղթող: Հարցվածների եւս գրեթե 21 տոկոսը լավագույնն է համարել սենատոր Էլիզաբեթ Ուորենի ելույթը: Սան Անտոնիո քաղաքի (Տեխասի նահանգ) նախկին քաղաքագլուխ Հուլիան Կաստրոյի օգտին քվեարկել է 10 տոկոսը, Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բեթո Օ՛Ռուրքի օգտին՝ 7 տոկոսը, սենատոր Քորի Բուքերի օգտին՝ գրեթե 6 տոկոսը:
Մինչդեռ, CNN հեռուստաալիքը հաղթողներ է համարել Կաստրոյին, Ուորենին եւ Բուքերին: Իսկ ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի նախկին մամուլի քարտուղար Ջո Լոքհարթի կարծիքով, որին խնդրել են գնահատել թեկնածուների ելույթը, բանավեճերի հաղթող է դարձել սենատոր Ուորենը: Երկրորդ եւ երրորդ դիրքում նա տեղավորել է Կաստրոյին եւ Վաշինգտոնի նահանգի նահանգապետ Ջեյ Ինլիին:
Նախօրյակին կայացել է հեռուստաբանավեճի առաջին մասը, որին Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող 25 թեկնածուներից մասնակցել է տասը մարդ: Եվս տասը թեկնածու հանդես կգա երկրորդ մասում, որը տեղի կունենա հունիսի 27-ին: Բանավեճերի ընթացքում միայն Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դի Բլազիոն է Ռուսաստանը համարել ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքը: Թեկնածուների մեծ մասը կենտրոնացել է Չինաստանի, Իրանի եւ միջուկային զենքի վրա: «Ամենամեծ աշխարհաքաղաքական մարտահրավերը Չինաստանն է, բայց ամենամեծ աշխարհաքաղաքական սպառնալիքը մնում է միջուկային զենքը»,-ասել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Ջոն Դելեյնին:
Նրա հետ համաձայնել են սենատոր Էմի Քլոբուչարը, Ներկայացուցիչների պալատի անդամ Թիմ Ռայանը: Միջուկային պատերազմի աճող վտանգը նշել են նաեւ սենատոր Քորի Բուքերը եւ Թուլսի Գաբարդը: Այլ սպառնալիքների թվում ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները նշել են նաեւ կլիմայի փոփոխությունը: Լսարանի շռնդալից ծափարահությունների է արժանացել Վաշինգտոնի նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլին, որը հայտարարել է. «Միացյալ Նահանգների անվտանգության ամենամեծ սպառնալիքը Դոնալդ Թրամփն է»,-հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: