«Մեր հիմնական առևտրատնտեսական գործընկերը շարունակում է մնալԵԱՏՄ-ն, Ռուսաստանը, հաջորդ տեղում Եվրամիության երկրներն են». Փաշինյան
«Մեր հիմնական առևտրատնտեսական գործընկերը շարունակում է մնալ, ինչպես և պետք էր կռահել, ԵԱՏՄ-ն, Ռուսաստանը, հաջորդ տեղում Եվրամիության երկրներն են: Արտահանման ուղիների բնականոն գործունեության թեման մշտապես եղել է Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն պաշտոնյաների քննարկման օրակարգում և Հայաստանի ու Վրաստանի բարձրագույն պաշտոնյաների քննարկման օրակարգում, ես այս հարցը մշտապես քննարկել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վերջին այցի ընթացքում մենք այս առումով կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ բազմիցս քննարկումներ ենք ունեցել այս թեմայով: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերներին՝ այս հարցում մեր պայմանավորվածությունները ճշգրիտ կյանքի կոչելու համար»,- այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ ՀՀ տնտեսությունում լավ տրամադրություններ են, որոնք հաստատվում են նաև արժույթի շուկայում տեղի ունեցող գործընթացներով, ԿԲ-ն արդեն պահեստավորել է 185 մլն դոլար, այսինքն՝ մի շաբաթում 50 մլն դոլար ներհոսել է շուկա, ինչը բավականին լավ ազդակ է:
Ն.Փաշինյանը նշեց, որ տնտեսությունը պետք է երկարաժամկետ և միջնաժամկետ առումով կառուցվի այն տրամաբանությամբ, որ ՀՀ-ից հումքի և չվերամշակված ապրանքի արտահանումը նվազագույնի հասցվի, կամ վերացվի, այսինքն՝ ոչ թե հանքաքար արտահանվի, այլ վերամշակման հնարավորինս երկար ցիկլ անցած ապրանք. «Շատ կարևոր է, որ կառավարությունն իր քաղաքականությամբ ամբողջությամբ նպաստի այս միտումներին, ՀՀ-ում նորանոր արտադրական ցիկլեր գոյանան, որը պետք է դառնա մեր երկրի տնտեսության հիմնական դիմագիծը»:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ արդյունաբերության աճի մեջ էական է ոչ թե հանքահումքային ուղղությունը, այլ վերամշակող: Այդ առումով նա կարևորեց ոսկերչությունը, շոկոլադի արտադրությունը, որ վերսկսվել է ՀՀ-ում, և գյուղատնտեսության մշակող ճյուղերը.
«Մինչև տարեվերջ, կարծում եմ՝ այս միտումները կպահպանվեն, և մենք կունենանք զգալի դրական թվեր, հատկապես՝ վերամշակող արդյունաբերության և արտահանման թվերի ուղղությամբ»: