«ՀՀ տնտեսական համակարգն ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում նախքան օրակարգին անցնելն անդրադարձավ մայիսին արձանագրված տնտեսական ցուցանիշներին:
«Մենք շարունակում ենք գտնվել, բարեբախտաբար, տնտեսական բավականին բարձր ակտիվության ցուցանիշներում, և մայիսին արձանագրվել է 7.3% տնտեսական ակտիվության ցուցանիշ (ՏԱՑ), բայց կարծում եմ՝ դրանում առավել կարևոր է բովանդակությունը»,- ասաց Ն.Փաշինյանը՝ արձանագրելով, որ այս տարվա մայիսն անցած տարվա մայիսի համեմատ եղել է արտահանման 15% աճ, իսկ հունվար-մայիսը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ՝ 0.1%, ինչը նշանակում է, որ այս տարի արտահանման հետ կապված խնդիրները հաղթահարվել են: Նրա խոսքով՝ տարվա սկզբին արտահանման հետ կապված մտահոգություններ կային, բայց դրանք այժմ փարատվել են, և տարվա արդյունքներով կլինի բավականին շոշափելի աճ: Վարչապետը կարևորեց, որ արտահանման կառուցվածքում տնտեսության ճյուղերի փոփոխություն է եղել, և եթե անցած տարի մշակող արդյունաբերությունն ընդհանուր արտահանման մեջ կազմում էր 62.8%, այս տարի 64.6% է, իսկ հանքահումքային արտադրանքի կշիռը նվազել է՝ կազմելով 25%՝ նախորդ տարվա 27.6% փոխարեն:
Ն.Փաշինյանը նշեց, որ չնայած տեխնոլոգիատար ապրանքների արտահանման կշիռը մեծ չէ, բայց առաջին 5 ամիսների տվյալներով այն բավական մեծ աճ է արձանագրել՝ 25.5%, նաև միջին տեխնոլոգիատարության ապրանքների խումբը նույնպես աճ է արձանագրել՝ 19.4%:
«Այս թվերը կարևոր են նրանով, որ ըստ էության ցույց են տալիս, որ ՀՀ տնտեսական համակարգն ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նկատելով, որ սրանք ընդամենը նախանշաններ են, բայց կարևոր նախանշաններ են:
Վարչապետը կարևորեց, որ այդ մեսիջներն ընկալվեն նաև պետական կառավարման համակարգում, որը պետք է աշխատի այն տրամաբանությամբ, ինչ հուշում է տնտեսության ակտիվության ցուցանիշի կառուցվածքը: Ըստ նրա՝ որոշակի ազդանշաններ կան, որ այդ ազդակները ոչ ամբողջությամբ են ընկալվել պետական համակարգի կողմից: Ն.Փաշինյանի խոսքով՝ իրենց առաջիկա ամենակարևոր անելիքն է քաղաքական բովանդակության տնտեսության և պետական կառավարման համակարգի համահունչ գործելակերպը և մտքերի վեկտորը նույնականացնելու ուղղությամբ:
Վարչապետը նշեց, որ շոշափելի շարժ է եղել նաև գյուղատնտեսությունում՝ 76.6%, մասնավորապես՝ լոլիկի արտահանումն աճել է 171%-ով: