Ինչպես նվազեցնել հորմոնալ ծերացման տեմպերը. Խորհուրդներ 40-ն անց կանանց համար
40-ից հետո սկսում են հնչել առաջին ահազանգերը, որոնք հիշեցնում են այն մասին, որ օրգանիզմը ծերանում է: Այդ ազդանշաններին ուշադիր վերաբերվեք:
1-ին ազդանշան` ճնշման տատանումներ:
Եթե դուք դեռ դա չեք զգում, առանձնապես մի ոգևորվեք: Բարձր ճնշում ունեցողների միայն կեսն է դա զգում: Ինտենսիվ աշխատելու սովոր, կարիերա անող մարդը հաճախ ուշադրություն չի դարձնում գլխացավերին, նյարդային վիճակին, աշխատունակության կորստին` ամեն ինչ վերագրելով հոգնածությանը: Արդյունքում՝ նա կորցնում է թանկ ժամանակը, իսկ հիվանդությունը զարգանում է:
Հայտնի է, որ հիպերտոնիայով հաճախ տառապում են պատասխանատու, մաքրակենցաղ, ամեն մանրուքի համար մտահոգվող, յուրաքանչյուր ձախողում որպես անձնական ողբերգություն ընդունող մարդիկ: Նրանք հաճախ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում ու միշտ փորձում են աշխարհն ավելի լավը դարձնել` ի տարբերություն այն մարդկանց, ովքեր հանգիստ լողում են հոսանքի ուղղությամբ: Փոխեք ձեր վերաբերմունքը կյանքի հանդեպ, և հիպերտոնիան կնահանջի:
Եթե դուք աշխատում եք, փորձեք օրվա մեջ չհամատեղել երկու շատ կարևոր, առաջնային գործեր։ Չարժե բժշկի գնալուց 2 ժամ առաջ կարևոր հանդիպում նշանակել։
Եթե դուք ուշանում եք կոնֆերանսից կամ շնորհանդեսից, իսկ փողոցում խցանում է, ինքներդ ձեզ պարզ հարց տվեք. «Իսկ ի՞նչ կլինի, եթե ես 10 րոպե ուշանամ»։ Ձեզ կազատե՞ն աշխատանքից, կխայտառակե՞ն հրապարակայնորեն։ Ոչ, հավանաբար ձեր ուշացումը ոչ ոք չի էլ նկատի կամ ծայրահեղ դեպքում հանգիստ կընդունեն ուշացման համար ձեր ներողությունը։ Հանգիստ, նույնիսկ փոքր-ինչ հեգնական վերաբերմունքը խնդիրների հանդեպ բանալի է դեպի առանց սթրեսի կյանք, հետևաբար և՝ դրան ուղեկցող ճնշման տատանումների բացակայություն։
Մի փորձեք լինել ամենա-ամենան։ Կատարելության ձգտելը, իհարկե, գովելի է, բայց շատ ուժեր է խլում, ինչպես էմոցիոնալ, այնպես էլ՝ ֆիզիկական։ Միաժամանակ հիանալի տնային տնտեսուհի, մայրիկ, կին, հարս ու աշխատակից լինել շատ քչերն են ի զորու։ Հրաժարվեք այդ գաղափարից, և ձեզ համար համեմատաբար հեշտ կլինի ապրելը։
2-րդ ազդանշան՝ հոգնածություն երկուշաբթի օրը։
Աշխատանքային շաբաթվա սկիզբ, առջևում շատ գործեր կան, իսկ դուք ոչ մի բանի համար ուժ չունեք։ Նախկինում նման բան չի եղել. Հանգստյան օրերին դուք կարող էիք տնային գործերով զբաղվել կամ պատրաստվել կարևոր խորհրդակցության, իսկ երկուշաբթի շատ առույգ ու կայտառ լինել։
Ցավոք, տարիքի հետ մեր էներգետիկ ռեսուրսները քչանում են, և դրանից եզրակացություն անել է հարկավոր. Հարկավոր չէ տանջել օրգանիզմը։ Հանգստյան օրերն օրգանիզմի համար օգտակար անցկացրեք։ Եթե մի երկու օր բնության գրկում անցկացնելու հնարավորություն չկա, ապա փորձեք տանը ձեզ հանգիստ տալ։
Լոգանք ընդունեք՝ ջրի մեջ ավելացնելով Մեռյալ ծովի աղ ու ջրիմուռներ։ Դրանց մեջ կենսականորեն կարևոր ամինաթթուներ ու միկրոէլեմենտներ կան, որոնք հեշտությամբ և արագ ներծծվում են մաշկի մեջ։ Նրանք ակտիվացնում են օրգանիզմի իմունային, նյարդային և էնդոկրին պոտենցիալը։
Ակտիվ բաղադրիչները, կախված ջրի ջերմաստիճանից, տարբեր կերպ կաշխատեն։ 38-39C ջերմաստիճանի դեպքում ճարպերը թափոններ դարձնելու համար պատասխանատու ամինաթթուները կսկսեն պայքարել ցելյուլիտի դեմ։ Իսկ փոքր-ինչ սառը, 34C ջերմաստիճանի ջրով լոգանքը կուժեղացնի պերիֆերիկ արյան շրջանառությունը և կբարելավի վիճակը ցածր ճնշման և վեգետաանոթային դիստոնիայի դեպքում, որոնք հաճախ էներգիայի պակասի պատճառներ են դառնում։ Եթերայուղեր օգտագործեք։ Անքուն գիշերվանից հետո լոգանք ընդունեք լարվածությունը թուլացնող լավանդայի, մագնոլիայի, վարդի, երիցուկի եթերայուղերով։ Դրանք լավ են նաև այն դեպքերում, երբ ձեր նյարդային համակարգը ծայրաստիճան լարված է։ Այտուցների ու ոտքերում ծանրության զգացողության դեպքում կօգնի ռեհանի, գազարի եթերայուղերով լոգանքը։
Որպեսզի էֆեկտը լիակատար լինի, լոգարանում հաճելի մթնոլորտ ստեղծեք։ Վառեք ֆիտոմոմեր, միացրեք ոչ բարձր, հանգիստ երաժշտություն։ Ջրային պրոցեդուրաներից հետո փաթաթվեք տաք խալաթի մեջ ու հանգստացեք էլի 20-30 րոպե։ Ձեր ծովային լոգանքը լրացրեք մեկ բաժակ խոտաբույսերով թեյով ու կզգաք, որ լավ հանգստացել եք հանգստյան օրերին ու երկուշաբթի կրկին պատրաստ եք ծանր աշխատանքային շաբաթվան։
3-րդ ահազանգ՝ հորմոնալ խափանումներ։
Դրանց պատճառ կարող է դառնալ որոշ միկրոէլեմենտների տարրական պակասը։ Այն շատ արագ ազդում է սեռական ֆունկցիայի, դաշտանային ցիկլի, սեքսուալության վրա, ինչպես նաև շատ օրգան-համակարգերի, օրինակ՝ ենթաստամոքսային գեղձի վրա։ Ահա թե ինչու երբեմն ծերությունն ավելի վաղ է վրա հասնում, քան դա պետք է տեղի ունենա օրացուցային տարիքով։
Կանանց մոտ 35 տարեկանից հետո աստիճանաբար սկսում է վերարտադրողական ունակության նվազեցումը և ձվաբջիջային պահուստի քայքայումը։ Ներքին կենսաբանական ժամացույցը դանդաղեցնելու կամ կանգնեցնելու հնարավորություն չկա, բայց հորմոնալ ծերացման տեմպերն իջեցնելն իրատեսական է։ Այն նկատելիորեն արագացնում են շարունակական սթրեսներն ու ծխախոտի ծուխը։
Վերջինս վատ է ազդում արյան շրջանառության վրա, հատկապես մանր անոթներում, իսկ ձվարանը տառացիորեն լի է դրանցով։
Ծխախոտի ծխից և շրջակա միջավայրի այլ վնասակար ազդեցություններից պաշտպանող հակաօքսիդանտների շատ ակտիվ կոմպլեքս է պարունակվում գինկգո գիլոբի բույսի տերևների մեջ։ Այն նյարդային բջիջների թաղանթների մեջ պարունակվող ճարպերը պաշտպանում է ազատ ռադիկալների քայքայումից։ Գնեք շատ լավ պրեպարատ՝ այս դեղաբույսի մեծաքանակ պարունակությամբ։
Աշխատեք օրգանիզմն ապահովել ցինկով և սելենիումով։ Դրանք շատ կարևոր են վերարտադրողական համակարգի համար։ Շատ ցինկ են պարունակում ոստրեները, բայց մեր սննդակարգում այս համադամ ուտեստը շատ քիչ է հանդիպում։ Այնպես որ, միկրոէլեմենտների անհրաժեշտ չափաբաժին կարելի է՝ սննդակարգի մեջ ավելացնելով ցորենի ածիկ, հապալաս, դդմի սերմեր, վարսակի փաթիլներ։
Օրգանիզմը սելենիումով ապահովելու համար պետք է հաճախ օգտագործել կոկոս և պիստակ։ Այս օգտակար միկրոէլեմենտը պարունակվում է նաև խոզի ճարպի և սխտորի մեջ։
Գոյություն ունեն նաև ցինկ ու սելենիում ակտիվ տեսքով պարունակող պրեպարատներ ու հավելումներ։
Պարբերաբար դրանք կուրսերով ընդունեք։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը