Բաժիններ՝

Կառավարությունը վերանայել է փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը

Փոխանակման կետերի և գրավատների համար Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով պետական տուրքի  նախատեսված չափը փոքր-ինչ նվազեցվել է: Ակցիզային հարկը տարեկան նախատեսված 4 տոկոսի փոխարեն կավելանա 3 տոկոսով:

 Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում կատարված փոփոխությունները  երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումներին շարունակվել են մասնագիտական քննարկումներն առանձին կարևոր թեմաների շուրջ: Վերանայվել են ֆինանսավարկային հատվածի կազմակերպությունների լիզենզավորման համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը: Մեր գնահատմամբ որոշակիորեն խաթարված էին համամասնությունները: Եվ ստացվել էր,  որ ֆիսկալ քաղաքականության հետ խաչվել էր մեկ այլ խնդիր: Եվ հիմնական բեռն ընկել էր փոխանակման կետերի և գրավատների վրա»,-ասաց Պողոսյանն ու նշեց, որ այս առումով փոփոխություններ են կատարել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի առաջարկությամբ նոր ինստիտուտ են ներմուծել: Անմաքս առևտրի խանութների կազմակերպիչները հրաժարվում են ուղղակիորեն համագործակցել փոքր արտադրողների հետ, հատկապես ակցիզային հարկով հարկվող ապրանք արտադրողների հետ: Եվ ըստ էության այս առաջարկությամբ միջնորդի ինստիտուտ է ներդրվում:

Նույն խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի առաջարկությամբ կարգավորել են հանրային սննդի կազմակերպման գործունեությանը զուգահեռ այլ գործունեությամբ զբաղվելու պարագայում բարձր հարկային բեռի խնդիրը: «Սահմանված էր 20 տոկոս հարկ, այս հարցն իսպառ լուծում ենք: Սողոմոնյանի առաջարկությամբ կարգավորում ենք խաղային ապարատների միջոցով արագ սննդի վաճառքի կազմակերպման  աշխատանքը՝ նրանց տեղափոխելով պետական տուրքի համակարգ»,-ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի , Արման Եղոյանի առաջարկությամբ որպես փոխզիջումային տարբերակ առաջարկում են ակցիզային հարկի դրույքաչափը տարեկան 4 տոկոսով ավելացնելու առաջարկը մեղմել, և համաձայնության գալ 3 տոկոսի շուրջ:

ԼՀԿ-ի առաջարկությամբ կարգավորում են նաև սառեցված հավի միսը չդրոշմավորելու խնդիրը: «Օրենքը պարտադրում էր, որ -18 աստիճան ջերմաստիճանի պայմաններում սառեցված հավի միսը դրոշմավորվեր որպես առանձին միավոր: Մենք համաձայնել ենք, որ դրոշմավորվի արկղը, ոչ թե մսի կտորը»,-ասաց փոխնախարարը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի առաջարկությամբ կարգավորել են հյուրատներում կազմակերպվող հանրային սննդի հարցը:  «Ենթադրվում էր, որ հյուրատունը կարող է գործել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում: Պատգամավորը մտահոգություն ուներ, որ եթե չենք նշում ուղղակիորեն հանրային սննդի մասին, միգուցե ռիսկեր առաջանան այն առումով, որ միգուցե նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի կազմակերպումը կարող է պատճառ հանդիսանալ, որ տվյալ տնտեսավարող սուբյեկտը դուրս մղվի միկրոձեռնարկատիրության հարկման համակարգից»,-ասաց Պողոսյանն ու հավելեց, որ ընդունել են պատգամավորի առաջարկը:

«Իմ քայլը» խմբակցության Գևորգ Պապոյանը ևս կատարել է առաջարկներ: Դրանցից 7-ն ընդունվել են, պատրաստակամություն են հայտնել աշխատել նաև մնացած 6 առաջարկների շուրջ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը որոշվել էր կատարել պետական տուրքի նախատեսված չափերի նվազեցում: Գրավատների պետտուրքը ներկայում 100 հազար դրամ է, առաջարկվում է առաջին տարում դարձնել 1.5 մլն դրամ, հետո 2 մլն դրամ: Իսկ Փոխանակման կետերի համար 50 հազար դրամ  պետական տուրքն առաջարկվում է առաջին տարում դարձնել 500 հազար դրամ, հետո՝ 1 մլն դրամ:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառված Պետտուրքի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախապես առաջարկվում էր գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ, իսկ բանկերի տուրքը 3 մլնի փոխարեն դարձնել 7 մլն դրամ, մասնաճյուղերի համար սահմանել 350.000 դրամ պետտուրք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս