«Մեր բոլոր պաշտոնական հայտարարությունների մեջ տեսեք նախ և առաջ՝ Սերժ Սարգսյանի կարծիքը». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը, կարծիք հայտնեց, որ այս բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանը ձախողել է, քանի որ գալով իշխանության՝ հայտարարեց, թե բանակցային գործընթացի հետ կապված՝ ունի նոր հայեցակարգ։

«Բոլորս տեսանք, թե այդ նոր հայեցակարգը որն է, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի և Վիեննայի պայմանավորվածությունները պատմության գիրկն ուղարկելն է։ Հիմա այդ պայմանավորվածություններին ընդհանրապես չեն անդրադառնում»,- նշեց Է. Շարմազանովը։

168.am-ի հարցին՝ ի՞նչ վտանգներ է տեսնում այդ պայմանավորվածությունների մասին չհիշատակելու հետ կապված, և այդ հանգամանքն ինչպե՞ս կարող է օգտագործել Ադրբեջանը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը և հայկական դիվանագիտությունը բանակցություններում կոշտացրել էր իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ բովանդակային բանակցությունների մեջ չի մտնելու, մինչև Ադրբեջանը չհետևի որոշ նախապայմանների։

«Մինսկի խմբի վերջին հայտարարություն մեջ կրկին ընդհանուր կողմերին կոչ էին արել այս կամ այն քայլն անել։ Իսկ այդ պայմանավորվածությունները նրա համար են, որպեսզի ներդրվեն մեխանիզմները, որից հետո ոչ թե կողմերին կոչ կանեն, այլ կոնկրետ այն կողմին, որը խախտել է հրադադարը։ Կա պարզ տրամաբանություն՝ այն կողմը, որը խուսափում է ինչ-որ բան անելուց, ուրեմն նրան դա ձեռնտու չէ։ Այսքան ժամանակ Ադրբեջանը խուսափել է այն պայմանավորվածությունների իրականացումից։ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարում է, որ Ալիևն ասել է, որ նման բան չի եղել։ Ո՞ւր ենք հասել, որ մեր պետության ղեկավարը հղում է  անում Ալիևին»,- շեշտեց նա։

Էդուարդ Շարմազանովը նաև նկատեց՝ Փաշինյանն ամեն առիթն օգտագործում է նախկիններին սևացնելու համար՝ հայտարարելով, թե Հայաստանում բռնատիրական ռեժիմ է տիրել.

«Եթե բռնատիրական ռեժիմ էր, ապա ինչպե՞ս եղավ, որ Փաշինյանը քայլելով՝ դարձավ վարչապետ։ Բռնատիրական երկրում մեկ մետր քայլեր, կբռնեին, կուղարկեին պատմության գիրկը։ Հիմա՞ էլ է ՀՀԿ-ն մեղավոր, որ ժողովուրդը վատ է ապրում, սառնարանի դուռը բացում են, բացի դուխով գլխարկից, դուխովն էլ ջնջվել է, բան չեն գտնում»,- նշեց Է. Շարմազանովը։

Հարցին՝ Սերժ Սարգսյանը, ի վերջո, ե՞րբ կխոսի, Է. Շարմազանովը պատասխանեց, երբ խոսի՝ կտեսնենք:

«Թե երբ կխոսի, դա իր որոշումն է, բայց մեր բոլոր պաշտոնական հայտարարությունների մեջ տեսեք նախ և առաջ՝ Սերժ Սարգսյանի կարծիքը»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս