Իշխանությունները վախենո՞ւմ են Եվրոպայից
Երբ Ազգային ժողովի նիստում Վահե Գրիգորյանը երդվելով՝ թեև ստանձնեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, սակայն իր ելույթում նա բոլորովին այլ կարգավիճակ իրեն վերագրեց՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ, այն դեպքում, երբ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարական չի ներկայացրել, երկրում սկսեցին նշմարվել սահմանադրական ճգնաժամի ծիլերը։
Վահե Գրիգորյանի հայտարարությունը, հիրավի, շոկային էր, և մինչև այժմ էլ երկրի իրավաբանական մասնագիտական լայն շրջանակները չեն հասկանում ու չեն ընդունում ՍԴ նորընտիր դատավորի՝ իրեն ՍԴ նախագահ ինքնահռչակելը։ Քաղաքական-հասարակական շրջանակները հումորային ձևակերպումներով են պատասխանում Վահե Գրիգորյանի այդ հայտարարությանը։
Շոշափելով երկրի հասարակական ու մասնագիտական շրջանակների տրամադրությունները՝ իրշխանությունները հասկացան, որ հեշտ ու հանգիստ Վահե Գրիգորյանի համար ՍԴ նախագահի աթոռը ձեռք գցել հնարավոր չի լինի, և ձեռնամուխ եղան՝ իրենց հասանելի ու մատչելի, արդեն իսկ փորձված տարբերակով ՍԴ բաղձալի նախագահությունը հանձնելու իրենց սրտի ՍԴ դատավորին։
Այսպես, արդեն մի քանի օր է, որ ՍԴ շենքի դիմաց մի քանի հոգի ցույցի են անում՝ բողոքելով Հրայր Թովմասյանի նախագահության դեմ, Վարդգես Գասպարին, ինչպես միշտ, անփոփոխ կերպով պառկած է ասֆալտին, սակայն ակնհայտ է, որ մի քանի հոգանոց ակցիաներով իշխանությունները չեն սահմանափակվելու։
168.am-ի տեղեկություններով՝ ՍԴ-ի վրա լայնածավալ գրոհ իշխանությունները մտադիր են եղել այս շաբաթ կազմակերպել, սակայն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրել են, որ այս շաբաթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շաբաթ է, և եթե նման բան ձեռնարկեն այդ շաբաթվա ընթացքում, կտրուկ աղմուկ կբարձրանա հենց նիստի ժամանակ։
Որոշվել է՝ բազային 4-5 հոգուն պահել ՍԴ շենքի դիմաց, որ թեման արդիականությունը չկորցնի, և արդեն ԵԽԽՎ ամառային նստաշրջանից հետո նոր փորձել հարցն իրենց օգտին լուծել՝ իրենց իսկ հայտնի եղանակով։