«ՄԻՊ աշխատակազմը ներգրավված կլինի վեթինգի և անցումային արդարադատության կիրառման մեխանիզմների մշակման նախագծում». Արման Թաթոյան

«Մարդու իրավունքների պաշտպանի դերը ժողովրդավարության զարգացման գործընթացում» խորագրով՝ Ծաղկաձորում ընթացող քննարկումից հետո երկրում տեղի ունեցող դատաիրավական պրոցեսների շուրջ 168.am-ը զրուցեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։

– Ռոբերտ Քոչարյանի գործով վերջին դատավարության ժամանակ դատարանը, փաստորեն, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ գործով վճիռ կայացնելու՝ առանց թույլ տալու, որ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները միջնորդություն ներկայացնեն։ Դուք այստեղ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում չե՞ք տեսնում։

– Քանի որ գործը գտնվում է դատական քննության փուլում, ես չեմ կարող որևէ գնահատական տալ առհասարակ։

– Դատարաններն արգելափակելու ժամանակ Դուք շատ կոշտ դիրքորոշում հայտնեցիք։ Ինչպիսի՞ն էին միջազգային գործընկերների արձագանքները Ձեր այդ հայտարարության առիթով։

– Միջազգային գործընկերների արձագանքը դրական է։ Ընկալվել է այդ հայտարարությունը։ Հայտարարությունը շատ կարևոր էր։ Ես ուզում եմ նշել, որ այդ հայտարարության մեխը հատկապես այն պաշտոնատար անձինք էին, ովքեր կոչ էին անում դատարաններն արգելափակել։ Ես կարծում եմ, որ վարչապետի կոչից հետո հնչած նրա ուղերձը լավագույնն էր, որ նա այդ իրավիճակում արեց, և կարևոր էր, որ վարչապետն իր ուղերձով նախանշեց դատական համակարգում առկա խնդիրները, հանձնառությունը, որ դատարանները պետք է անկախ լինեն, և, որ ամեն ինչ պետք է արվի դատարանների անկախությունը երաշխավորելու համար։

Բայց նաև իմ դիրքորոշման, այդ հայտարարության իմաստն այն էր, որ պետք է դատական իշխանությունը զերծ լինի որևէ միջամտությունից, իսկ այդ օրերին կային պաշտոնատար անձինք, այդ թվում՝ գործադիր իշխանության մաս կազմող, ովքեր նման կոչեր էին անում։ Դա անթույլատրելի է, դա վտանգավոր է, որովհետև յուրաքանչյուր պաշտոնատար անձ ունի իր կոնկրետ կարգավիճակը և սահմանափակված է այդ կոնկրետ կարգավիճակով։

Իսկ ինչ վերաբերում է դատարաններին, մենք, իհարկե, այնտեղ շատ խնդիրներ ունենք, և առաջիկայում մենք, նաև միջազգային կառույցների, Խորհրդարանի ու Կառավարության հետ համագործակցելով, պետք է ամեն ինչ անենք, որ բարեփոխումներն արագ տեղի ունենան, և հիմնարար փոփոխություններ լինեն։

– Մտավախություն չունե՞ք, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրադարձությունների զարգացման հետևանքով մի օր կարող ենք ունենալ իրավիճակ, երբ թույլ չեն տա, որ ՍԴ անդամները մուտք գործեն իրենց աշխատավայր։

– Ես բոլոր իրադարձություններին հետևում եմ և իմ իրավասությանը վերաբերող հարց լինելու դեպքում անմիջապես կարձագանքեմ։

– Վեթինգի և անցումային արդարադատության կիրառման մեխանիզմների մշակման նախագծում արդյո՞ք ներգրավված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

– ՄԻՊ աշխատակազմը ներգրավված կլինի, և հիմա էլ մենք քննարկումներում ներգրավված ենք։ Ես շատ եմ կարևորում մեր ներգրավվածությունը, կարևորում եմ Խորհրդարանի և Կառավարության պատրաստակամությունը՝ աշխատելու մեզ հետ։

Դա շատ կարևոր հանգամանք է։ Մենք պետք է աշխատենք նաև քաղաքացիական հասարակության հետ, և հիմա առաջիկայում ըստ էության մենք պետք է սպասենք կոնկրետ ձևակերպումների, արվող առաջարկներին, որպեսզի դրա հիման վրա արդեն սկսենք աշխատել մանրամասն։ Հիմա մեզ մոտ վերլուծություններ են ընթանում, որպեսզի պատրաստ լինենք զարգացումներին, թե երկրում կոնկրետ ինչ խնդիրներ են եղել, քաղած դասերը, և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս