Տնտեսական քաղաքականության ուղղությունը չի փոխվել. Ֆինանսների նախկին նախարար
«Եթե նայում ենք բացարձակ թվերի տեսանկյունից, ապա մենք ունենք բարձր տնտեսական ակտիվություն, բարձր ցուցանիշներ, սակայն մի քանի անգամ արդեն ասել եմ, որ մեր Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի տնտեսական աճի կառուցվածքին։ Սա այն կարևորագույն հենքն է, որի մասով կարող են դատողություն անել, թե երկարաժամկետ տնտեսակական աճն ինչպիսի՞ն է։ Մեզ մոտ եթե նայենք 2018 թվականը և առաջին չորս ամիսները, կարծես այդտեղ գերակշռում է ոչ արտահանելի հատվածը, այնտեղ հիմնականում աճում է ֆինանսական ծառայությունը, հանգիստ մշակույթը, որը, այսպես ասած, խաղատուն կամ շահումով խաղերն են և առևտուրը»,- այսօր Դիլիջանում «Իմ քայլը հանուն Տավուշի» ֆորումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
Հարցին՝ վարչապետը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ մեկնարկել է տնտեսակական հեղափոխության փուլը, տեսնո՞ւմ է տնտեսական հեղափոխություն, Վարդան Արամյանը պատասխանեց, որ մի քանի անգամ արդեն ասել է, որ Կառավարությունը նկատի ունի խորքային բարեփոխումները, քանի որ, եթե խոսում են հեղափոխությունից կամ նորովի փոփոխություններից, պետք է դրանք համեմված լինեն բարեփոխումներով։
«Մեր տնտեսության զարգացմանը պետք է ուղեկցի երկու կարևորագույն տնտեսական հենք, առաջինը՝ արտահանմանը միտված տնտեսական աճը, որի մասին բոլորս էլ խոսում ենք, և կարևոր է, որ թիրախավորենք արտահանողներին։ Երկրորդը՝ տարածքային համաչափ զարգացումը, եթե մեզ մոտ տնտեսական աճը հիմնականում ստեղծվում է Երևանում և դրա մերձակա տարածքում՝ իրականում վտանգավոր է։ Քանի որ ներառական կամ ռեգիոնալ տնտեսական աճի մասին խոսելը մի փոքր մանկամտություն կլինի»,- նշեց Վ. Արամյանը։
Այս տեսանկյունից նա կարևորեց տնտեսական ֆորումների անցկացումը, սակայն, նրա կարծիքով՝ դրանք արդյունավետ են այն ժամանակ, երբ պետություն-մասնավոր հատվածի միջև կա երկխոսություն, ուստի տնտեսական ֆորումներին պետք է հաջորդի նաև որոշումների կայացումը։
«Չէի ասի, որ տնտեսական քաղականության ուղղությունը փոխվել է։ Վերջին 10 տարում բոլորը խոսում են արտահանմանն ուղղված տնտեսական աճի մասին, հիմա էլ են դրա մասին խոսում, բոլորը խոսում են, որ այնտեղ առաջնորդողը պետք է լինեն այն ոլորտները, որոնք ունեն մրցակցային առավելություններ՝ հիմա էլ են խոսում։ Կարծում եմ՝ բացի մուտքի խոչընդոտները վերացնելուց, տնտեսվարողները ակնկալում են որոշակի որոշումների կայացում, նաև մակրոտնտեսության խելամիտ քաղաքականության վարում։ Մեզ մոտ հիմնականում աճում են վարկերը, որոնց մեծ մասը սպառողական բնույթի են և գնում են ոչ արտահանելի հատված, սա իրականում վտանգավոր է»,- ընդգծեց Վարդան Արամյանը։
Զվարթ Խաչատրյան