ՀՀ Արագածոտնի մարզի Կաքավաձոր և Վերին Բազմաբերդ համայնքներում հայտնաբերվել են քարի ապօրինի արդյունահանման դեպքեր
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2019 թվականի հունիսի 4-5-ը և հունիսի 10-11-ը ստուգումներ է իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Կաքավաձոր և Վերին Բազմաբերդ համայնքներում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, երկու համայնքներում իրականացված փաստաթղթերի ստուգմամբ և տեղազննությամբ պարզվել է, որ քաղաքացիներին և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության, վարելահող գործառնական նշանակության, գյուղատնտեսական այլ գործառնական նշանակության հողամասերում և դաշտային ճանապարհներում մասնավոր ընկերությունների կողմից իրականացվում են քարի արդյունահանման աշխատանքներ:
Վերոնշյալ համայնքներում գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակությունը փոփոխելու և փոփոխված հողամասը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել:
Արդյունքում խախտվել են ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի և ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները:
Ելնելով ստուգման արդյունքներից՝ համապատասխան նյութեր են ուղարկվել Արագածոտնի մարզի դատախազություն՝ արձանագրված խախտումներին ընթացք տալու և իրավախախտում թույլ տված անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար: