«Ես բացարձակ չեմ ցանկանա, որ ուժով երկրում հարցեր լուծվեն». Նաիրա Զոհրաբյանը՝ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկի մասին

«Ես կդժվարանամ ասել, որովհետև երեկվանից հետևում եմ գործընթացին, սահմանադրագետները և իրավաբանները բաժանվել են ուղիղ 2 հավասար ճամբարների, մի մասը պաշտապնում է այն թեզը, որը ներկայացրել են Վահե Գրիգորյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը, որ Վահե Գրիգորյանն իրավունք ունի ստանձնելու ՍԴ նախագահի պաշտոնը, որովհետև այնտեղ կա ՍԴ անդամ, դատավոր և այլն, սահմանադրագետների մի հատված գտնում է, որ սա ուզուրպացիա է, քաղաքական գործիչների մի մասը գտնում է, որ սա իշխանության բռնազավթում է և քրեական հանցագործություն և այլն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է հանգուցալուծվելու ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը խիստ զարմանալի ու մեծապես մտահոգիչ է: Նա նշեց, որ քանի որ սահմանադրաագետ չէ, չի կարող պաշտպանել կողմերից մեկին և ասել, թե ով է իրավացի.

«Բայց ես մի բան կարող եմ ասել որպես պատգամավոր՝ ես բացարձակ չեմ ցանկանա, որ ուժով երկրում հարցեր լուծվեն: Երկրում հարցերը պետք է լուծվեն բացառապես օրենքով»:

Թե օրենքով ո՞վ է ճիշտ, Ն.Զոհրաբյանը ցանկություն հայտնեց այդ հարցի պատասխանը լսել որևէ կողմին չհարող, ոսկե միջինում գտնվող սահմանադրագետներից, օրինակ՝ Գագիկ Ղազինյանից, Գևորգ Դանիելյանից, որպեզի քաղաքական գործիչներն էլ հասկանան այս ամբողջ պատմության ճշմարտության գինը:

Թե ինչպիսի՞ն կլինի միջազգային արձագանքը, Ն.Զոհրաբյանը նշեց, որ դա կախված է նրանից, թե որքանով են իրավական Վահե Գրիգորյանի և նրա համակիր իրավաբանների ու քաղաքական ուժերի քայլերը.

«Եթե դրանք լինեն իրավական և այն, ինչ ասում է Վահե Գրիգորյանը, տեղավորվում է ՀՀ Սահմանադրության մեջ, ապա ես մեծ արձագանք միջազգային կառույցներից չեմ ակնկալում: Իսկ եթե այն մյուս թևն է ճիշտ, ապա կարծում եմ, Վենետիկի հանձնաժողովն ու մյուս կառույցները սա կհամարեն իշխանության թևի ուզուրպացիա»:

ՌԴ դեսպանի՝ Ռոբերտ Քոչարյանի, ապա Հրայր Թովմասյանի հետ հանդիպումներում փոխկապակցվածության վերաբերյալ Ն.Զոհրաբյանը նշեց, որ տեսականորեն ամեն ինչ էլ կարելի է մտածել, բայց քանի որ ինֆորմացիա չկա, թե Հրայր Թովմասյանի հետ դեսպանն ինչ է խոսել, ապա դժվար է որևէ գնահատական հնչեցնել:

Տեսանյութեր

Լրահոս