«Դրանք միայն տարբեր մարդկանց կողմից շահարկվող հարցեր են». Սուրեն Պապիկյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հարաբերությունների մասին
«Կարծում եմ՝ նման օրակարգ պետք է չլինի թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, և մենք դրա մասին խոսելու հնարավորություն այլոց համար պիտի չստեղծենք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը՝ մեկնաբանելով լուրերը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների 28-րդ նիստի ժամանակ չեն շփվել։
Ըստ նրա՝ չկան այնպիսի հարցեր, որոնք կարգավորվող չեն. «Ես այս փուլում որևէ խնդիր չեմ տեսնում։ Դրանք միայն տարբեր մարդկանց կողմից շահարկվող հարցեր են։ Այնպես որ, ոչ մի խնդիր Հայաստանի և Արցախի միջև չեմ տեսնում»։
Ս.Պապիկյանը նկատեց, որ ինքը չի մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների նիստին և շփման մասին ոչինչ ասել չի կարող՝ երբ են շփվել, որտեղ են շփվել, շփվել են, թե ոչ. «Բայց կարող եմ ասել, որ որևէ խնդիր չկա»։
Նա վստահեցրեց, որ Արցախի նախագահական ընտրություններում նախընտրելի թեկնածու ՔՊ-ն չունի. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Արցախում ներկայացվածություն չունի, մնացածը քաղաքական պրոցեսներ են»։