
Քեյթ Միդլթոնի հանդիսաերթի մոտոցիկլետներից մեկը վրաերթի է ենթարկել 83-ամյա այրուն. Reuters

Մեծ Բրիտանիայում արքայազն Ուիլյամի եւ Քեթ Միդլթոնի հանդիսաերթի ոստիկանական մոտոցիկլետներից մեկը վրաերթի է ենթարել 83-ամյա մի կնոջ: Այդ մասին հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը:
Երկուշաբթի օրը՝ հունիսի 17-ին, Քեմբրիջի դուքսն ու դքսուհին Լոնդոնից ուղեւորվել էին Վինձոր՝ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողության: Ոստիկանները ճանապարհն ազատում էին թագավորական ընտանիքի անդամների համար, եւ մոտոցիկլավարներից մեկը, գտնվելով հանդիպական գոտում, վրաերթի է ենթարկել 83-ամյա Իրեն Մայորին:
Տուժած կնոջն անհապաղ տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները հիվանդի վիճակը համարում են «ծանր, բայց կայուն»:
Գործակալության տվյալներով՝ արքայազն Ուիլյամը եւ նրա տիկինը «խորապես անհանգստացած են ու վշտացած» պատահարի պատճառով: Նրանց սպասավորը հիվանդանոցում այցելել է Մայորին եւ նրան ծաղիկներ է տարել: «Նորին թագավորական բարձրությունները լավագույն մաղթանքներ են հղում Իրենին եւ նրա ընտանիքին եւ նրանց հետ կապի մեջ կգտնվեն բուժման ամբողջ ընթացքում»,- հայտարարել է զույգի ներկայացուցչուհին: