Բաժիններ՝

«Արյան լճակ տեսա». Սարգիս Քլոյանը դատարանում ներկայացրեց Մարտի 1-ի դեպքերից մանրամասներ

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով  բողոքների քննության ժամանակ ելույթով հանդես եկավ նաև մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

Նրա խոսքով՝ «Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդներից միակն է եղել, որը մարտի 1-ին եղել է Մյասնիկյանի արձանի մոտ։

«Երեկոյան ժամը 21։00-ին, երբ ռմբակոծեցին Երևան քաղաքը, ես համեմատեցի 1941 թվականի հետ, երբ Ֆաշիստական Գերմանիան հարձակվում էր Խորհրդային Միության վրա, սա իրականություն է։ Ի՞նչ կատարվեց, սադրիչները տարան «Մոսկվայի տան» մոտ, այն ջարդուփշուր արեցին, որպեսզի Ռուսաստանին ցույց տան, թե պետությունը հակառուսական քաղաքականություն է վարում։ Ասեմ ավելին, եթե ընդդիմությունը գնում էր հեղափոխության, ինչո՞ւ որսորդական խանութը չէր ջարդում ու զենքեր վերցներ, ինչո՞ւ քաղաքապետարանի շենքը չէր ջարդում։

Ուրեմն երեկոյան ժամը 21։00-ին երիտասարդներին սադրիչները տարան կրակի բերան։ Սադրիչներին բերել էին Էջմիածնից, Արտաշատից, Երևանից, Աբովյանից։ Ժամը 21։10 զանգահարել եմ իմ տղային, սակայն պատասխանող չկար, հետո մի աղջիկ պատասխանեց ու ասաց, որ ում զանգահարում եմ, նա գտնվում է վիրահատարանում։ Գնացի Զաքյան փողոց, արյան լճակ տեսա, հետագայում քննիչը հաստատեց, որ որդուս արյունն է եղել»,- պատմեց Սարգիս Քլոյանը։

Նա տեղեկացրեց, որ մարտի 1-ի դեպքերին տեսել է ավտոմատ Կալաշնիկով, և իր որդուն խփել են 40 մետր հեռավորությունից։

Ըստ նրա՝ երեք անգամ գրավոր արդեն տեղեկացրել է, թե ով է որդուն սպանել և ով է դրա հրամանը տվել։

«Քննիչն ինձ ասում է, որ զենքի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով են մեր երեխաները զոհվել։ Ասում եմ՝ հարգելի քննիչ, եթե չգիտեք՝ ով է որդուս սպանել, ապա ինչպե՞ս գիտեք, որ զենքը ճիշտ չեն օգտագործել։ Ո՞վ է թույլ տվել զորամասերից հանել չերյոմուխաները։ Որդուս մահվան վկայականի մեջ գրված է, որ մահացել է բեկորային վնասվածքից։ Ի՞նչն էր խանգարում Ռոբերտ Քոչարյանին՝ հրաման արձակեր, որպեսզի ժողովրդի վրա չկրակեն»,- նշեց Սարգիս Քլոյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս