«Քոչարյանը կարող է ազդել գործով անցնող բոլոր վկաների վրա». Սեդա Սաֆարյանը միջնորդեց կալանավորել Քոչարյանին
Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։
«Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը դատարանում հայտարարեց, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց ազատության մեջ, պետք է բեկանել և վերջինիս կալանավորել։
«Ունենալով լայն հնարավորություններ՝ Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է ազատության մեջ, և արդյո՞ք դատարանի այդ որոշումը չի վտանգում գործով ձեռք բերված ապացույցների ճակատագիրը։ Կարծում եմ՝ այդ որոշմամբ՝ դատարանը հենց այդպիսի նպատակ է ունեցել։ Սա միևնույն ժամանակ վերաբերում է գործի վարույթը կասեցնելու և Վերաքննիչ քրեական դատարան ուղարկելու շղթայական գործընթացի դրսևորմանը։
Ընդ որում, հանրահայտ փաստ է, որ Սահմանադրական դատարանի դատավորների գերակշիռ մասը նշանակվել են Քոչարյանի կողմից և ակնհայտորեն ծառայում են նրա շահերի պաշտպանությանը։ Նրա խափանման միջոցը փոխելով՝ դատարանը չի դրսևորել սուբյեկտիվ դրսևորումների արտահայտումը, այլ հնարավորություն է տվել, որպեսզի Քոչարյանն անձմաբ զբաղվի այս հարցերով։ Ռ. Քոչարյանի դրսևորած վարքագիծը չէր կարող դուրս մնալ դատավորի ուշադրությունից»,- դիմելով դատավորին՝ նշեց Սեդա Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ գործով բոլոր նյութերը ցույց են տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը կարողացել է իրավական, գործադիր և բոլոր ուժային կառույցների աշխատակիցներին իր համար ցանկալի եղանակով օգտագործել և վերահսկել։
Նա նաև հավելեց, որ Քոչարյանի աջակիցները դեռևս նախորդ ամիս, երբ քննվում էր նրա խափանման միջոց կալանքը փոխելու հարցը, դատարանի մոտ քաղակտիվիստ Գասպարիի նկատմամբ իրականացրել են ուղղորդված բռնություն։ Այս ամենը հաշվի առնելով՝ Ս. Սաֆարյանն ասաց, որ, մնալով ազատության մեջ, Քոչարյանը կարող է ազդել նաև գործով անցնող բոլոր վկաների վրա։
«Միջնորդում եմ, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն ընտրվի կալանավորումը»,- եզրափակեց Սեդա Սաֆարյանը։
Դահլիճում գտնվողների մի մասը ծափահարեց Ս. Սաֆարյանի միջնորդության վերաբերյալ հայտարարությանը, որից հետո դատավորը կոչ արեց չծափահարել, այլ միայն լսել։
Զվարթ Խաչատրյան