
ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիային կոչ են արել՝ ընդունել Խաշոկջիի սպանության մեղքը

ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անիես Կալամարը Սաուդյան Արաբիային կոչ է արել ներողություն խնդրել Թուրքիայից, ԱՄՆ-ից եւ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի ընտանիքից, ինչպես նաեւ ընդունել անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիայում լրագրողի սպանության մեղքը: Այդ մասին ասված է Կալամարի զեկույցում, որը հրապարակվել է հունիսի 19-ին:
«Հանձնարարականներ… Սաուդյան Արաբիայի Թագավորությանը՝ հանդես գալ հանրային խոստովանությամբ եւ Խաշոկջիի սպանության համար ներողություն խնդրել նրա ընտանիքից, բարեկամներից եւ գործընկերներից: Անհրաժեշտ է, որպեսզի Սաուդյան Արաբիայի կառավարությունը պետական պատասխանատվություն ստանձնի մահապատժի կատարման համար: Դա նաեւ նախատեսում է պետության կողմից ֆինանսական փոխհատուցման վճարում Խաշոկջիի ընտանիքին»,-ասված է փաստաթղթում:
Փաստաթուղթը հրապարակվել է Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի ընթացքում Խաշոկջիի սպանության հետաքննության արդյունքների գնահատման պաշտոնական ներկայացման նախօրեին: ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի եզրակացությունները հրապարակվելու են հունիսի 26-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: