Եվրախորհրդարանում սոցիալիստների խումբը գլխավորել է իսպանացի եվրապատգամավոր Իրաչե Գարսիան
Նոր գումարման Եվրախորհրդարանում (ԵԽ), որն ընտրվել է մայիսի 23 – 26-ը, «Սոցիալիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինք» (ՍԴԱԴ) խմբի առաջնորդ է դարձել եվրապատգամավոր Իրաչե Գարսիան: Այդ մասին նշված է խորհրդարանական խմբակցության՝ հունիսի 19-ին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:
«Իրաչե Գարսիան գլխավորեց սոցիալիստների եւ դեմոկրատների խումբը»,- ասված է ՍԴԱԴ-ի հայտարարության մեջ: Դա անակնկալ չի դարձել, քանի որ Գարսիան մնացել էր այդ պաշտոնի միակ թեկնածուն այն բանից հետո, երբ հունիսի 17-ին գերմանացի եվրապատգամավոր Ուդո Բուլմանը հանեց իր թեկնածությունը:
Ընտրվելուց հետո ունեցած իր ելույթում Գարսիան կոչ է արել փրկելու ԵՄ-ն եւ կառուցելու նոր «ժողովրդավարական Եվրոպա»՝ ֆեմինիստական, բազմամշակութային ու բազմակրոն: Սոցիալիստների խմբակցությունը Եվրախորհրդարանում ավանդաբար զբաղեցնում է երկրորդ տեղը Եվրոպայի քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցությունից հետո:
ԵԽ-ի վերջին ընտրություններում դրանք երկուսն էլ պահպանել են իրենց դիրքերը, բայց ըստ որում յուրաքանչյուրը կորցրել է տեղերի ավելի քան 20 տոկոսը: Այսպես, Եվրախորհրդարանի նոր կազմում սոցիալիստներն ստացել են 153 տեղ 751-ից, մինչդեռ անցյալ գումարման ԵԽ-ում նրանք ունեին 190 մանդատ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: