
Իրանը ԳՀՀԾ-ի մասնակիցների համար չի երկարաձգի իրենց պարտավորությունների կատարման երկամսյա ժամկետը

Թեհրանը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակից երկրների համար չի երկարացնի երկամսյա ժամկետը, որի ընթացքում նրանք պետք է ամբողջովին կատարեն միջուկային գործարքի գծով իրենց պարտավորությունները: Այդ մասինհայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
«Երկամսյա ժամկետը, որն Իրանը սահմանել է ԳՀՀԾ-ի մասնակից մնացած երկրների համար, չի երկարացվելու,-Քամալվանդիի խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը:-Մենք կշարունակենք գործել ավելի վաղ ընդունված ծրագրին խստիվ համապատասխան»:
Հունիսի 18-ին ԻԱԷԿ-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Թեհրանն այս տարվա հունիսի 27-ից հետո իրեն իրավունք է վերապահում ավելի քան 300 կիլոգրամ հարստացված ուրան պահել երկրի տարածքում՝ հակառակ ԳՀՀԾ-ի պայմանների, ինչպես նաեւ դադարեցնում է ծանր ջրի արտահանումը: Քամալվանդիի խոսքով՝ «ԳՀՀԾ-ի կատարման մասին օրենքին համապատասխան, Թեհրանի կողմից միջուկային գործարքի իրականացումը պետք է ընթանա համաձայնագիրն ստորագրած մնացած երկրների կողմից իրենց պարտավորությունների կատարման հետ միաժամանակ»:
«Մենք չենք կարող կատարել միջուկային գործարքի դրույթները, եթե պայմանագրի մյուս մասնակիցները չեն կատարում դրա պայմանները»,-ընդգծել է ԻԱԷԿ-ի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: