«Ոչ ոք ավելի մեծ խստություն չի դրսևորել Ռուսաստանի նկատմամբ, քան Դոնալդ Թրամփը». Թրամփը պաշտոնապես սկսեց նախընտրական արշավը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2020 թվականին պետության բարձրագույն պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին: Այդ մասին հայտնել է Reuters-ը:
Իր որոշման մասին նա կողմնակիցներին հայտարարել է Օռլանդոյում (Ֆլորիդայի նահանգ) ընտրարշավի անցյալ մեկնարկից հետո ուղիղ չորս տարի անց: «2016 թվականը որոշիչ էր պատմության մեջ: Ոչ ոք այնքան բան չի արել, որքան մենք: Եվ 2020 թվականին մենք դա կանենք կրկին»,- ասել է նա:
Թրամփը գանգատվել է, որ հենց ամենաառաջին օրվանից Սպիտակ տանը հարձակումների է ենթարկվել ստահոդ զանգվածային լրատվամիջոցների եւ «վհուկների որսի» կողմնակիցների կողմից: Նա նաեւ նկարագրել է այն բանի տագնապալի պատկերը, թե ինչ տեսք կունենա աշխարհը, եթե ինքը տանուլ տա 2020 թվականին: Թրամփը ելույթի ժամանակ նշել է.
«Ես ամրապնդեցի զինված ուժերը, պատժամիջոցներ սահմանեցի Ռուսաստանի դեմ եւ էներգակիրների մատակարարումների այլընտրական աղբյուրներ տրամադրեցի ամբողջ Եվրոպայի համար, ինչը շատ լուրջ մրցակցություն ստեղծեց Ռուսաստանի համար»:
«Ոչ ոք ավելի մեծ խստություն չի դրսեւորել Ռուսաստանի նկատմամբ, քան Դոնալդ Թրամփը»,- հավելել է նա: «Դեմոկրատներին չի հուզում Ռուսաստանը, նրանց հուզում է սոսկ պետական իշխանությունը»,- արձանագրել է Թրամփը:
ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին: