
Մարկ Էսփերը Պետագոնի ղեկավարի պաշտոնակատար կդառնա հունիսի 24-ին

Պատրիկ Շանահանը ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի իր լիազորությունները Մարկ Էսփերին կփոխանցի հունիսի 24-ին: Այդ մասին ասված է Պենտագոնի՝ հունիսի 18-ին տարածված հաղորդագրության մեջ: Շանահանը պաշտոնաթող է լինում «2019 թվականի հունիսի 23-ի կեսգիշերին եւ ավարտում է իր աշխատանքը պաշտպանության նախարարությունում», նշվում է հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախարար Մարկ Էսփերը պաշտպանության նախարարի պաշտոնակատար կդառնա դրանից անմիջապես հետո «…» Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի լիազորություններն ու գործառույթները Էսփերին կանցնեն 2019 թվականի հունիսի 24-ի 00:01-ից»,- նշվում է փաստաթղթում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ Շանահանը թողնում է պաշտոնը, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում կառաջադրվի Էսփերի թեկնածությունը: Վերջինս ներկայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի նախարարն է:
Այդ պաշտոնն զբաղեցնող անձը նախագահական կաբինետի անդամ չէ եւ ենթարկվում է պաշտպանության նախարարին: Թրամփն իր Twitter-ում գրել է, որ Շանահանն ինքն է որոշում ընդունել ինքնաբացարկի մասին:
Մինչդեռ ավելի վաղ տվյալներ էին հայտնվել, որ Թրամփը դժգոհ է Շանահանից եւ դիտարկում է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում մեկ ուրիշի նշանակման հնարավորությունը: Այս կադրային նշանակումը ենթակա է Կոնգրեսի Սենատի կողմից հաստատման, հաղորդել է ՏԱՍՍ-ը: