
««Բարսելոնան» Գրիզմանի հետ բանակցություններ չի վարում». Բարտոմեու

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հերքել է «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը:
««Բարսելոնան» Գրիզմանի հետ բանակցություններ չի վարում: Մենք միշտ էլ ասել ենք, որ բանակցություններ չենք վարում: Մենք հայտարարելու ոչինչ չունենք: Կտեսնենք, թե ինչ տեղի կունենա շուկայում մոտակա օրերին:
Մենք զարգացնում ենք ակումբը համաչափ և անվտանգ: Առջևում հունիսը, հուլիսը և օգոստոսն են: Մենք իրականացնում ենք մեր ռազմավարությունը:
Մենք նաև հետևում ենք «Բարսելոնա Բ»-ի ֆուտբոլիստներին: Որոշ ֆուտբոլիստներ կունենան հնարավորություն՝ հայտնվելու հիմնական թիմում»,- ասել է Բարտոմեուն:
Մադրիդյան ակումբում արդեն բացեիբաց ասում են, որ Գրիզմանը կտեղափոխվի կատալոնական ակումբ: Այս մասին հայտարարել էր «Ատլետիկոյի» գործադիր տնօրեններից մեկը՝ Միգել Անխել Խիլ Մարինան:
«Մարտից մենք գիտեինք, որ Գրիզմանը գնալու է «Բարսելոնա»»,- ասել է Խիլ Մարինան:
Ավելի վաղ իսպանական մամուլը գրել էր, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները հավանություն չեն տվել Գրիզմանի տեղափոխությանը:
Սիրարփի Աղաբաբյան