«Եկել է պահը, երբ Նիկոլ Փաշինյանը և ԱԱԾ-ն պիտի ներողութուն խնդրեն գեներալ Մանվել Գրիգորյանից». Վոլոդյա Հովհաննիսյան
Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի` գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու որոշումը։
Մանվել Գրիգորյանն այժմ «Նաիրի» ԲԿ-ում է, որտեղ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից։
Հիշեցնենք՝ պաշտպանները բողոքարկել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2–ի որոշումը։ Պաշտպանական կողմը միաժամանակ միջնորդել էր Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավ՝ դրա չափը թողնելով դատարանի հայեցողությանը։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ. հունիսի 19-ին։
«Եկել է պահը, երբ Նիկոլ Փաշինյանը և ԱԱԾ-ն պիտի ներողութուն խնդրեն գեներալ Մանվել Գրիգորյանից և հասարակությունից՝ կեղծ-սուտ տեղեկություն տարածելու համար։ Այն շոուն, որ սարքվեց տուշոնկաների-զգուշոնկաների պահով, և Մանվել Գրիգորյանին ու Երկրապահ կամավորական միությանն ընդհանրապես հեղինակազրկեցին, չէր համապատասխանում իրականությանը։ Ինչպես հայտնի է բոլորիս՝ քրեական գործում տուշոնկայի-զգուշոնկայի հարցեր չկան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանվել Գրիգորյանի գործով դատարանի որոշմանն անդրադառնալով՝ նշեց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը։
Ըստ Հովհաննիսյանի՝ Մ. Գրիգորյանի դատավարությունն արդարադատության իրականացում չէ, այլ վրիժառություն՝ 2008 թվականի մարտի հայտնի քաղաքական գործընթացներում նրա նահանջի համար.
«Այսօր մենք գործ ունենք պրիմիտիվ վենդետայի հետ, և պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով ամբողջ պետական համակարգի ուղղորդումը մեկ մարդու դեմ, որ երբևիցե իրենց քաղաքական ծրագրերին դավաճանել է և թույլ չի տվել այդ դավաճանությամբ հաղթել»։
Համաձայնելով Հովհաննիսյանի հնչեցրած գանահատականների հետ՝ քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանը հավելեց, որ վերջին շրջանում, ի թիվս այլ դատավարական գործընթացների, այս դատավարությունը ևս շոու է.
«Սրանք շոուներ են, հերթական տեսարաններ, որպեսզի հասարակությանը կերակրեն տեսարաններով, որովհետև չեն կարողանում սոցիալական, տնտեսական խնդիրներ լուծել»։
Վերլուծաբան Անուշ Սեդրակյանը թեմայի մասին խոսելիս՝ հիշեցրեց Մարդու իրավունքների կոնվենցիան։
«Կա մարդ Մանվել Գրիգորյան, կա գեներալ Մանվել Գրիգորյան, և երկուսին էլ պետք է վերաբերվել տարբեր հարթություններում. այս պարագայում խախտվում է մարդու իրավունքների կոնվենցիան, որովհետև եթե ամբաստանյալը նույնիսկ արդար դատավճռով գտնվում է դատարանում, բայց դա անհամատեղելի է իր առողջական վիճակի հետ, ուրեմն դա արդեն կոնվենցիայի կետի խախտում է, ինչին պետք է անդրադառնալ»,- ասաց նա՝ նկատելով, որ ժողովրդավարական ու հումանիստական սկզբունքներով առաջնորդվող պետություն ենք, և նույնիսկ բանտում Մանվել Գրիգորյանի առողջության նորմերը պիտի պահպանված լինեն։
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը նույնպես կարևորեց մարդու իրավունքները չխախտելու սկզբունքը. «Չեմ հասկանում մոտեցումը՝ ամեն գնով հասնել իրավիճակի… Սա ոչ մի կապ չունի արդարադատության հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան