«Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է ընդունվի, ընկալվի և հաստատվի առաջին հերթին որպես համազգային վստահության ինստիտուտ. նախագահ Արմեն Սարգսյան

Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 28-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը, Հանրապետության նախագահի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ, անցյալ տարի կյանքից հեռացած Շառլ Ազնավուրի հիշատակը։

Հանդես գալով բացման խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների հարգելի անդամներ և ներկայացուցիչներ,

Հարգելի հյուրեր,

Տիկնայք և պարոնայք,

Նախ, ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, որն առիթ է ստեղծում կրկին հավաքվել Հայրենիքում և քննարկել համազգային կարևորության հարցեր:
Բարի գալուստ եմ մաղթում Սփյուռքից ժամանած մեր բոլոր հայրենակիցներին:

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ այս մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքի համար: Գիտեք, որ այդ տարին այդքան դյուրին չէր «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար: Տարվա սկզբում ստեղծվել էր մտահոգիչ վիճակ, որը համատեղ ջանքերով կարողացանք պատվով հաղթահարել և վերականգնել Հիմնադրամի բարի անունը և համբավը:

Այս իմաստով ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանին և Հիմնադրամի անձնակազմին՝ նորընտիր տնօրենի գլխավորությամբ, նաև բոլոր նրանց, ովքեր տեղերում գործեցին հստակ և շիտակ՝ իրավիճակը կարգավորելու համար:

Ավելի քան 25 տարի է, «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է իր համազգային առաքելությունը՝ որպես Հայաստանը, Արցախը և Սփյուռքը միավորող բացառիկ կառույց: Այն Արցախի զարգացման կարևորագույն դոնորն է այսօր և այդպիսին էլ պետք է մնա ապագայում:

2018 թվականի ընթացքում Հիմնադրամն իրականացրել է տարբեր ոլորտների և ծավալի ընդհանուր շուրջ 100 ծրագիր, որոշ ծրագրեր դեռ շարունակվում են: Անշուշտ, իր ելույթում հիմնադրամի գործադիր տնօրենը մանրամասն կներկայացնի թե՛ անցյալ տարվա ընթացքում կատարած աշխատանքը, և թե՛ ապագա անելիքները: Որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ինձ պարբերաբար զեկուցվել է այդ ամենի մասին: Սակայն հիմնադրամն անհրաժեշտություն ունի դառնալ ավելի դինամիկ, ավելի մոբիլ, ավելի ճկուն և ավելի հզոր կառույց: Իսկ դրա համար պետք է կարողանալ փոխվել՝ նախ և առաջ հոգեբանությամբ, մտքով, գործելակերպով, կառուցվածքով, ծրագրերով, կանոնադրությամբ, անգամ հոգաբարձուների խորհրդի կազմով: Փոխվելուց պետք չէ վախենալ, հատկապես երբ աշխարհն է փոխվում շատ մեծ արագությամբ:

Հիմնադրամը չպետք է մեր գիտակցության մեջ ընկալվի որպես միայն ճանապարհ կամ ոռոգման ցանց կառուցող հիմնարկ: Այն պետք է ընդունվի, ընկալվի և հաստատվի առաջին հերթին որպես համազգային վստահության ինստիտուտ, որն ապրում է ոչ թե անցյալ ժամանակով, այլ՝ ապագայով:

Այսինքն՝ արժևորենք անցյալում կատարված աշխատանքը և ներկայի միջոցով մտածենք ապագայի մասին, շարժվենք դեպի ապագա:

Հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած փոփոխություն՝ իրավականից մինչև բարոյահոգեբանական, պետք է մեկ հստակ ուղերձ ունենա: Եվ այդ ուղերձը հետևյալն է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց՝ «Հայաստան, Արցախ, Սփյուռք» և «հայություն» նպատակակետերով:

Անցյալ տարվա մայիսին, եթե հիշում եք, Հոգաբարձուների խորհրդի նիստում նշել էի, որ Հիմնադրամի ստեղծումից ավելի քան քսան տարի անց ժամանակն է վերանայել անցած ճանապարհը, գնահատել հաջողություններն ու թերությունները: Այսինքն՝ անհրաժեշտ է նոր տեսլական և նոր գործունեության ծրագիր:

Ես ասել եմ ու այժմ էլ կրկնում եմ՝ 20-րդ դարում ստեղծված հիմնադրամը մեծ հաջողությունների է հասել: Ժամանակն է, որ այն դառնա 21-րդ դարի ազգային ինստիտուտ:

Հարգելի գործընկերներ,

Անցած մեկ տարվա ընթացքում հիմնադրամի կյանքում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններից հետո, որոնց վերաբերյալ յուրաքանչյուրս ունենք մեր գնահատականը, այդուհանդերձ, գոհունակությամբ ուզումեմ արձանագրել, որ հիմնադրամի նոր ղեկավարության գործունեության արդյունքում 2018 թվականի հեռուստամարաթոնին հիմնադրամին սատարողների թիվն ավելացել է մոտ 20 տոկոսով: Իսկ նվիրատվությունները շարունակվեցին նաև հեռուստամարաթոնից հետո, շարունակվում են նաև այսօր:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր կառուցվածքը, որը հաստատվել է Հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստի ժամանակ, բարելավվել է։ Այն նպատակ ունի ավելի ճկուն դարձնել հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունները։ Այդ գործընթացը պետք է շարունակական լինի:

Կարծում եմ նաև, որ հիմնադրամի աշխատանքներում հոգաբարձուների խորհրդի անդամների ներգրավվածության աստիճանը պետք է բարձրանա, և խորհրդի անդամները հիմնադրամի դրամահավաքի հետ կապված ավելի շոշափելի և կոնկրետ գործունեություն պետք է ծավալեն։

Հիմնադրամի ավանդական ծրագրերին զուգահեռ՝ պետք է ծնվեն ու կյանքի կոչվեն նոր, այդ թվում՝ փորձնական ծրագրեր՝ ժամանակի պահանջներին համահունչ: Հիմնադրամը չպետք է ասոցացվի դրամահավաք կառույցի հետ, և Սփյուռքում գործող՝ հիմնադրամի կառույցները չպետք է աշխատեն որպես գանձապետական գրասենյակներ:

Ժամանակն է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր վրա վերցնի նաև համահայկական ցանցն ամրացնելու և սերտացնելու առաքելությունը: Ի վերջո, մենք հայապահպանության՝ հայոց լեզվի, ինքնության, պատմության ու արժեհամակարգերի պահպանման խնդիր ունենք, որը գլոբալիզացիայի պայմաններում ավելի սուր դրսևորում է ստանում: Հաշվի առնելով կառուցվածքային լայն աշխարհագրությունը՝ հիմնադրամը կարող է նաև նմանատիպ ծրագրեր իրականացնել՝ ամրացնելով հայկական համայնքները և հայկական արժեքները: Հենց այդ համայնքներն են շահառու-նվիրատու-աջակից շղթայի ամենակենսական օղակները: Սա կարող է դառնալ հիմնադրամի ռազմավարական նպատակներից մեկը:

Ես հուսով եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ազգանվեր գործունեությունը շարունակելու է նոր ծրագրերով ու նոր ոգևորությամբ:

Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք և կառուցողական քննարկումներ:

Ի գործ»:

Ելույթով հանդես է եկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է 2018թ. կատարված աշխատանքների վերաբերյալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության հաշվետվությունը։

Տեսանյութեր

Լրահոս