Վաշինգտոնը հավելյալ հազար զինվորական կուղարկի Մերձավոր Արևելք
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հավանություն է տվել Մերձավոր Արեւելք լրացուցիչ հազար զինվորական ուղարկելուն: Այդ մասին ասված է Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության կայքում:
Որոշումն ընդունվել է Օմանի ծոցում նավթատար նավերի վրա Իրանի հարձակման վերաբերյալ Վաշինգտոնի մեղադրանքների կապակցությամբ: Զինվորականների ուղարկումը կկատարվի «պաշտպանողական նպատակներով», հավաստիացրել են Պենտագոնում:
«Միացյալ Նահանգները հակամարտություն չի փնտրում Իրանի հետ: Այսօր միջոցներ են ձեռնարկվում մեր զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար, որոնք աշխատում են տարածաշջրանում, եւ մեր ազգային շահերը պաշտպանելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հունիսի 17-ին Jerusalem Post-ը, վկայակոչելով ՄԱԿ-ին առընթեր արեւմտյան դիվանագետների, հայտնել է, որ Վաշինգտոնը պլանավորում է սահմանափակ հարված հասցնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներից մեկին: Նաեւ նշվել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է ընդլայնել ռազմական ներկայությունը Մերձավոր Արեւելքում եւ ավելի շատ զինվորներ ուղարկել այդ տարածաշրջան: