
ՀՀ նախագահը համահայկական ցանց ամրացնելու առաքելությունը ցանկանում է տեսնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուսերին

ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը ճիշտ ժամանակն է համարում, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը իր վրա վերցնի նաև համահայկական ցանցն ամրացնելու առաքելությունը: Այս մասին նախագահ Սարգսյանը հայտնեց հունիսի 18-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում:
«Ժամանակն է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը իր վրա վերցնի նաև համահայկական ցանցն ամրացնելու առաքելությունը: Ի վերջո, մեր հայապահպանության, հայոց լեզվի, ինքնության, պատմության, արժեհամակարգերի պահպանման խնդիր ունենք, որը գլոբալիզացիայի պայմաններում ավելի սուր դրսևորումներ է ստանում: Հաշվի առնելով կառուցվածքային լայն աշխարհագրությունը` հիմնադրամը կարող է նաև նմանատիպ ծրագրեր իրականացնել` ամրացնելով նաև հայկական համայնքները և հայկական արժեքները: Հենց այդ համայնքներն են շահառու-նվիրատու-աջակից շղթայի ամենակենսական, ամենակարևոր օղակները: Սա կարող է դառնալ հիմնադրամի ռազմավարական նպատակներից մեկը: Ես հուսով եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ազգանվեր գործունեությունը շարունակելու է նոր ծրագրերով և նոր ոգևորությամբ»,- ասաց նախագահը: