Արմեն Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամում փոփոխությունների կարիք է տեսնում
ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հիմնադրամում փոփոխությունների կարիք է տեսնում: Հունիսի 18-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում Արմեն Սարգսյանn ընդգծեց, որ հիմնադրամն անհրաժեշտություն ունի դառնալ ավելի դինամիկ, մոբիլ, ճկուն և հզոր կառույց:
«Ավելի քան 25 տարի է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է իր համազգային առաքելությունը, որպես Հայաստանը, Արցախը և սփյուռքը միավորող բացառիկ կառույց: Այն Արցախի զարգացման կարևորագույն դոնորն է, այդպիսին է այսօր և այդպիսին պետք է մնա ապագայում: 2018թ. ընթացքում հիմնադրամն իրականացրել է տարբեր ոլորտների և ծավալների ընդհանուր շուրջ 100 ծրագիր: Որոշ ծրագրեր դեռ շարունակվում են: Հիմնադրամն անհրաժեշտություն ունի դառնալ ավելի դինամիկ, ավելի մոբիլ, ավելի ճկուն և ավելի հզոր կառուց: Դրա համար պետք է կարողանալ փոխվել նախ և առաջ հոգեբանությամբ, մտքով, գործելակերպով, կառուցվածքով, ծրագրերով և կանոնադրությամբ: Փոխվելուց պետք է չվախենալ, հատկապես, երբ աշխարհն է փոխվում շատ մեծ արագությամբ»,- ասաց Սարգսյանը:
ՀՀ նախագահը նշեց, որ հիմնադրամը չպետք է մեր գիտակցության մեջ ընկալվի որպես միայն ճանապարհ կամ ոռոգման ցանց կառուցող հիմնարկ:
«Այն պետք է ընդունվի, ընկալվի և հաստատվի առաջին հերթին որպես համազգային վստահության ինստիտուտ, որն ապրում է ոչ թե անցյալ ժամանակով, այլ ապագայով: Այսինքն՝ արժևորենք անցյալում կատարած աշխատանքը և ներկայի միջոցով մտածենք ապագայի մասին: Շարժվենք դեպի ապագա: Հիմնադրամի գործունեության վերաբերող ցանկացած փոփոխություն՝ իրավականից մինչև բարոյահոգեբանական, պետք է մեկ, հստակ ուղերձ ունենա, և այդ ուղերձը հետևյալն է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույց՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք և հայություն նպատակակետերով: 20-րդ դարում ստեղծված հիմնադրամը մեծ հաջողությունների է հասել, ժամանակն է, որ այն դառնա 21-րդ դարի ազգային ինստիտուտ»,- նշեց Արմեն Սարգսյանը: