Նոր Զելանդիան առաջին անգամ դրոններ կկիրառի ավիահանրանավերի սպասարկման համար
Նոր Զելանդիայի Air New Zealand ավիաընկերությունն առաջին անգամ անօդաչու թռչող ապարատներ գործի կդնի քաղաքացիական ավիահանրանավերի տեխնիկական սպասարկման համար: Այդ մասին Փարիզի 53-րդ ավիացիոն-տիեզերական սալոնի ընթացքում ՏԱՍՍ-ին հայտնել է Սինգապուրի ST Kinetics ընկերության ներկայացուցիչը, ընկերություն, որը մշակել է այդ տեխնոլոգիան։
«ANZ ավիաընկերությունը եւ ST Kinetics կոնցեռնը համատեղ կփորձարկեն ինքնաթիռների տեխնիկական սպասարկման գործում անօդաչու թռչող ապարատների կիրառման տեխնոլոգիան: Համապատասխան աշխատանքները տեղի կունենան Սինգապուրի Չանգի օդանավակայանում, որտեղ սպասարկվում են ANZ-ի ինքնաթիռները»,- տեղեկացրել է ընկերության ներայացուցիչը եւ ընդգծել, որ այդ սինգապուրա-նորզելանդական ծրագիրն ավիանորոգման աշխատանքների համար դրոնների լայն օգտագործման՝ աշխարհում առաջին օրինակն է:
Նրա խոսքով՝ անօդաչուների միջոցով ինքնաթիռի տեխնիկական վիճակի գնահատման նոր համակարգն ստացել է DroScan անվանումը: Ինչպես հայտնել է ANZ-ի վերգետնյա սպասարկման բաժնի ղեկավար Կարի Հարիհանգանուին, DroScan-ի կիրառումն էապես կրճատում է այն ժամանակը, որն անհրաժեշտ է ինքնաթիռի տեխնիկական վիճակի ստուգման համար:
«Եթե ավելի վաղ այդ գործընթացը տեւում էր մինչեւ վեց ժամ, ապա նոր համակարգի կիրառմամբ այն կկրճատվի մինչեւ մեկ – երկու ժամ»,- հայտնել է Հարիհանգանուին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: