«Փաշինյանը չսպասեց դատական ակտին. ըստ էության նա հերքեց, որ պարոն Քոչարյանը կապ ունի որևէ սպանության հետ». Հայկ Ալումյան
«Այսօր գործադիր և օրենսդիր իշխանություններն ասում են, որ ճնշում չկա դատարանների նկատմամբ, բայց այդ ամեն ինչը դուք այսօր տեսնում եք, հետևությունները դուք արեք։ Նայեք, լսեք, գնահատեք՝ կա՞, թե՞ չկա։ Այսպիսի ճնշումներ, երևույթներ, այսպիսի միջնադարյան դրսևորումներ ես ինքս երբևէ ոչ լսել եմ, ոչ տեսել։ Ինչ վերաբերում է հարցի այն կողմին, թե իբր Ռ. Քոչարյանի կողմից դատարանների վրա ճնշում կա, տեսեք, այն, որ դատավորը նշանակված է եղել պարոն Քոչարյանի կողմից, դա այսօր նրան որևէ լծակ չի տալիս դատավորի նկատմամբ։ Դուք պետք է տեսնեք, թե ո՞վ այսօր ունի այդ լծակները»,- «Տեսակետ» ակումբում այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե մեղադրող կողմը նշում է, որ դատարանի հանդեպ ճնշում է գործադրվում Ռոբերտ Քոչարյանի կողմից։
Ըստ բանախոսի՝ եթե մենք մի կողմ թողնենք այն դատավորներին, որոնց նկատմամբ ոչ մի իշխանություն չի կարողացել լծակ գործադրել (բարեբախտաբար, որոշ քանակի այդպիսի դատավորներ կան), լսող դատավորները լսում են տվյալ պահի իշխանություններին, որովհետև այդ պահին նրանք ունեն լծակներ, այլ ոչ թե՝ նախորդի նախորդին։
«Ինչ վերաբերում է այն բանին, որ պարոն Քոչարյանն ասաց՝ յախան թափ տվեք էս գործից, սրանից լավ հոտ չի գալիս, այնպես չէ, որ դա կարող էր դատավորի նկատմամբ ճնշում լինել։ …Ցանկացած մարդ էլ կարող է ինչ-որ մեկին ասել՝ եթե դուք ինչ-որ բան սխալ անեք, ես կդիմեմ օրենքին։ Դուք գիտեք, թե այս գործով ինչպիսի վայրիվերումներ են լինում։ Այն մարդիկ, ովքեր երեկ քննում էին այս գործը, այսօր մեղադրյալ են հանդիսանում, և շատ հաճախ այս գործով, նաև, երբ նիստերը դռնփակ էին, այս կարգի քննարկումներ եղել են, և մենք այդ մասին մամուլին էլ ենք ասել։ Սա չի կարող ճնշում դիտվել, որովհետև այն իրավական բանավեճ է»,- ասաց Հայկ Ալումյանը՝ շեշտելով, որ, եթե մարդը տվյալ պահին լծակ չունի, որը կարող է գործադրել, նրա խոսքերը ճնշում համարվել չեն կարող, այլ ընդամենն իրավական բանավեճի մի ձև են։
Վերջինս նշում է, որ, եթե փորձեն խորանալ այն պատճառների մեջ, որոնք ստիպեցին, որ այս պահի դրությամբ Բարձրագույն դատական խորհրդի արդեն 6 անդամներ հրաժարական ներկայացնեն, կտեսնեն ՝իրական ճնշման վեկտորը ո՞ր ուղղությունից է գալիս և ո՞ւր է գնում։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի դեմ զրպարտության համար Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած դատական հայցին ու դրա հետ կապված հետագա իրադարձություններին, Հայկ Ալումյանը նախ բառացի մեջ բերեց Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանի խոսքը, որում ասվում էր. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է՝ անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում՝ անձեռնմխելի։ Այսինքն՝ կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ։ Այդ որտե՞ղ է այդպես գրված», ապա նշեց, որ յուրաքանչյուր մարդու համար էլ պարզ է, որ այդ արտահայտությունը վերաբերում է պարոն Քոչարյանին։
Նա, սակայն, հիշեցրեց, որ դատարանում մյուս կողմը հայտարարեց, որ այս արտահայտությունը կատարելիս Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին նկատի չի ունեցել։
«Դատի տալիս մենք ակնկալում էինք, որ դատական որոշմամբ կհերքվի այս արտահայտությունը։ Հետո մեզ անհրաժեշտ էր, որ այս արտահայտություն անողը ներողություն խնդրի։ Մենք իրավունք ունեինք նաև գումարային պահանջ ներկայացնել, սակայն պարոն Քոչարյանը թույլ չտվեց։ Պարոն Փաշինյանը չսպասեց դատական ակտին, ըստ էության հերքեց, որ պարոն Քոչարյանը կապ ունի որևէ սպանության հետ։ Ես ընդմիջում խնդրեցի, զանգահարեցի Ռոբերտ Քոչարյանին, նրա կարծիքը հարցրի՝ նշելով, որ, եթե պատասխանող կողմը հերքում է, կարծում եմ, ճիշտ է, որ մենք հայցից հրաժարվենք, նա համաձայնեց, և մենք հրաժարվեցինք հայցից»,- ասաց Հայկ Ալումյանը՝ մանրամասնելով, որ դատական ծախսերը հայցից հրաժարվող կողմն է հոգում, և Փաշինյանը մեզնից պահանջեց 650 000 դրամ գումար փաստաբանական ծախսերի համար, և հիմա դատարանը կորոշի, թե մենք ինչքան գումար ենք վճարելու, և, եթե մենք կհամարենք, որ դատարանն իրավաչափ որոշում է կայացրել, ինքն անձամբ այդ գումարը կվճարի և 10 տոկոս էլ ավելին՝ որպես խրախուսական մրցանակ։
Հայկ Ալումյանը համարում է, որ նման հերքման պարագայում իրենց հրաժարվելը հայցից ճիշտ որոշում է եղել։
Մանրամասները՝ տեսանյութում։