Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը զբաղվել է իր իսկ ներմուծած ծանր թմրանյութերի վաճառքով՝ 5 հարց Արթուր Վանեցյանին. Նարեկ Մալյան
ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը 5 հարց է ուղղել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Ներկայացնում ենք գրությունն ամբողջությամբ.
ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Ա. Վանեցյանին
08.24.2018թ. Analitik.am կայքը «Վարչապետի խորհրդականը հրաժարական կտա՞ թմրանյութերի հետ կապված սկանդալի պատճառով» վերնագրով նյութի մեջ գրում է.
«Analitik.am-ի տեղեկություններով, մոտ ժամանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականներից մեկը հրաժարական կտա: Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ հրաժարականը պայմանավորված է նրանով, որ տվյալ խորհրդականը հայտնվել է թմրանյութերի հետ կապված սկանդալային բացահայտման մեջ: Այս պահին չենք նշում տվյալ խորհրդականի անունը, սակայն հրաժարականն, ամենայն հավանականությամբ, կլինի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի ավարտից հետո»:
Եվ իսկապես, Անգելա Մերկելի այցից անմիջապես հետո աշխատանքից առեղծվածային կերպով ազատվեց ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ով իր ազատումը պատճառաբանում է ծիծաղելի և ոչ արժանահավատ ձևով: Վերջինս նշում է, որ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվում է, քանի որ կարոտել է իր ընտանիքը: Ընդամենը 3 ամիս պաշտոնավարած և պաշտոնին հրաժեշտ տված Արսեն Խառատյանի մասով մեկ տարի անց առկախ են մնում բազմաթիվ հարցեր, որոնք շարունակում են մնալ հանրային քննարկման տիրույթում: Հաշվի առնելով այն, որ ՀՀ իշխանությունը և իշխանությանը սերտաճած իրավապաշտպանները պնդում են, որ որդեգրել են թափանցիկ կառավարման գործելաոճ, խնդրում ենք այդ գործելաոճի ոգուն համապատասխան պատասխանել հետևյալ հարցերին.
1. Ճի՞շտ են մեկ տարի առաջվանից շրջանառվող այն լուրերը, որ Արսեն Խառատյանը պարբերաբար ծանր թմրանյութերի խոշոր խմբաքանակներ է ներմուծել Հայաստան՝ Վրաստանի հանրապետությունից:
2. Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը զբաղվել է իր իսկ ներմուծած ծանր թմրանյութերի վաճառքով ՀՀ տարածքում:
3. Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը ծանր թմրանյութերը ՀՀ տարածք ապօրինի ներմուծելու նպատակով օգտվել է Վրաստանի Հանրապետությունում գործող ՀՀ դեսպանատան դիվանագիտական համարանիշերից:
4. Ճի՞շտ է այն տեղեկությունները, որ Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիսանում է Արսեն Խառատյանի հովանավորյալը և, ըստ այդմ, անձեռմխելի է:
5. Ճի՞շտ է այն տեղեկությունը, որ Արսեն Խառատյանը բռնվել է ծանր թմրանյութերի խմբաքանակի հերթական ներմուծման ժամանակ և քաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել այդ կապակցությամբ իրավական ընթացք չտալ և սկանդալը կանխելու նպատակով հեռացնել Արսեն Խառատյանին իր զբաղեցրած պաշտոնից:
Պահանջում ենք հրապարակել մեր հարցերի պատասխանները: Կանխավ շնորհակալություն:
ՎԵՏՕ քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյան