
Արարատ Միրզոյանը հուսով է, որ Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ ուղարկված ծանուցագրով կներկայանա հարցաքննության

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուսով է, որ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ ուղարկված ծանուցագրով կներկայանա հարցաքննության: Այս մասին Միրզոյանն ասաց հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում:
«Ես մեծ հույս ունեմ, որ պարոն Ծառուկյանը, ինչպես և ՀՀ բոլոր քաղաքացիներն, ովքեր կստանան ծանուցագիր, կներկայանան այն վայրն այն ժամին, որը նշված կլինի այց ծանուցագրում: Բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են»,-ասաց Միրզոյանը:
Հունիսի 12-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենան հրկիզելու գործով հրավիրվել է հարցաքննության, որին սակայն չի ներկայացել: Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը հայտարարել էր, որ իրեն այս գործով հարցաքննության հրավիրելը վիրավորական է համարում:
Հունիսի 15-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության:
2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա Վահան Սարիբեկյանին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: 46-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Կազմվել է քննչական խումբ: Մշակվել է քննչական պլան, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: