«Գազպրոմ Արմենիան» կդիմի՞ ՀԾԿՀ. «Սա քաղաքական հարց է»
«Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ նախագահ Արամ Գրիգորյանը հավանական է համարում, որ Ռուսաստանի արդյունաբերության և բնակչության համար հուլիսի 1-ից գազի 1.4 %-ով թանկացումը կապույտ վառելիքի գնի բարձրացման կհանգեցնի նաև Հայաստանում: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը դեռևս չի դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագնի վերանայման հայտով:
Ըստ նրա, եթե, այնուամենայնիվ, ընկերությունը չդիմի ՀԾԿՀ, ապա կրճատվելու է նրա մարժան:
«Սա քաղաքական հարց է: Բայց կոնյունկտուրան որ նայում եմ, պետք է որ ներկայացնեն հայտ: Կարելի է ենթադրել, որ, եթե անգամ հիմա չներկայացնեն նման հայտ, ապա այս տարվա մեջ կներկայացնեն, որովհետև ՀԾԿՀ-ի կողմից նոր սակագին սահմանելուց հետո այն մեկ ամիս անց է գործելու»,- ասաց փորձագետը:
Թե արդյոք հնարավո՞ր է, որ Ռուսաստանի ներքին շուկայում այս փոփոխությունն անհետևանք մնա հայ սպառողի համար՝ հաշվի առնելով, որ դեռևս շարունակվում են հայ-ռուսական բանակցությունները գազի գնի շուրջ, Ա.Գրիգորյանը նշեց, որ բանակցությունների մասին տեղեկատվությունը շատ քիչ է.
«Անկեղծ՝ ես չեմ հասկանում՝ ինչի շուրջ են բանակցում, որովհետև ՀՀ-ն և Բելառուսը տարբեր են, Բելառուսում գազային համակարգը Բելառուսն է կարգավորում, իսկ Հայաստանում՝ «Գազպրոմը»:
Բազմիցս եմ ասել՝ «սահմանին գին» հասկացությունն աբսուրդ է, դա՝ միայն ԱԱՀ-ի չափը որոշելու համար: Ամեն ինչ այնքան խուճուճ է: Բայց այստեղ այլ խնդիր կա. եթե ՀՀ-ն բանակցում է 2013 թ. պայմանագրի շուրջ, որ չեղյալ անեն, այդ դեպքում տրամաբանություն կարելի է տեսնել, բայց պետք է հայտարարեն այդ մասին, որ քաղաքացիներն էլ իմանան»: