«Ուղղաթիռների թռիչքներն իրավիճակին նոր սրություն են հաղորդել». Արցախի նախագահի խորհրդական
Հունիսի 13-ին Պաշտպանության բանակի N զորամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում էր ստացել 1999 թվականին ծնված զինծառայող Արտյոմ Խաչատրյանը:
Վերջին շրջանում Ադրբեջանը ոչ միայն լարում է սահմանային իրավիճակը, այլև հանդես է գալիս ռազմատենչ հայտարություններով։ Մասնավորապես՝ հունիսի 13-ին Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևը սահմանով անցկացնելով 5 կմ 100մ երկարությամբ Ադրբեջանի դրոշը՝ հայտարարել է, որ շուտով նույն դրոշն անցնելու է նաև իրենց կողմից ազատագրվող «օկուպացված տարածքներով»:
Սահմանում առկա իրավիճակի և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։
– Պարոն Աբրահամյան, հունիսի 13-ին սահմանում կրկին զոհ ունեցանք, և ակնհայտ է, որ վերջին շրջանում Ադրբեջանն ավելի է լարում իրավիճակը։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանի այս գործողությունները կարող են մոտ ապագայում վերածվել լայնամասշտաբ ռազմական գործողությունների։
– Իրավիճակի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելու համար պետք է իրադարձությունները դիտարկել առավել մեծ ռակուրսով: Երկրորդ, իրավիճակը կարող է լարված լինել նույնիսկ այն պարագայում, եթե անգամ սահմանին զոհեր չլինեն: Ամենավառ օրինակը սահմանագծի մերձակա տարածքներում ադրբեջանական ուղղաթիռների շարժերն են, որոնք տվյալ իրավիճակում կրակ չեն բացում, զոհեր չկան, սակայն հենց միայն նրանց թռիչքներն այդ հատվածում իրավիճակին լրացուցիչ սրություն են հաղորդում:
– Սահմանում բացասական այս դինամիկան ինչո՞վ է պայմանավորված։
– Մեծ թվով գործոններով է պայմանավորված, սակայն, կարծում եմ՝ առանցքայինը բանակցային գործընթացի շուրջ ստեղծված անորոշությունն է:
– Ադրբեջանը և Վրաստանը խորացնում են իրենց համագործակցությունը ռազմական ոլորտում, այս առումով ի՞նչ վտանգներ եք տեսնում՝ տարածաշրջանի և Արցախի հետ կապված։
– Նրանք այդ համագործակցությունը նոր չեն սկսել, իսկ վտանգավորության աստիճանը դրանց խորությունից և բովանդակությունից է կախված:
– Այս հարցում Արցախը և Հայաստանն ի՞նչ անելիքներ ունեն, հարցի լուծումն ինչպե՞ս եք պատկերացնում։
– Պետք է կենտրոնանալ և ռեսուրսները մոբիլիզացնել այն ուղղություններով, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում Հայաստանի և Արցախի համար: Անելիքները շատ են, ուղղությունները՝ տարբեր: Այս պահին առաջնայինը՝ ակտիվ աշխատել միջնորդների հետ, թույլ չտալ իրավիճակի առավել լարում և, իհարկե, ստեղծել հնարավորություններ զարգացումները բանակցությունների սեղան տեղափոխելու համար:
Զվարթ Խաչատրյան