Գազի գինը` ծանր փորձություն

Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է պատճառներ փնտրել իր հայտարարած տնտեսական հեղափոխության հնարավոր ձախողումն արդարացնելու համար։ Որ Հայաստանի տնտեսության մեջ այս պահին ոչ մի հեղափոխություն էլ տեղի չի ունենում, կամ, որ նման բան տեսանելի չէ, փաստ է։ Այն աճերը, որոնք ցույց է տալիս պաշտոնական վիճակագրությունը, և որոնք հետո տիրաժավորվում են տարբեր առիթներով տարբեր պաշտոնյաների կողմից, ընդհանրապես կապ չունեն տնտեսական հեղափոխության հետ։

Տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը չի կարող լինել առևտուրն ու ծառայությունները։ Անիմաստ է խոսել նաև տնտեսության մեջ տեղի ունեցող բեկման մասին։

Ու որպեսզի հետո հնարավոր լինի արդարացումներ գտնել հայտարարված տնտեսական հեղափոխության ձախողումների համար, կարծես ուրվագծվում են նաև թիրախները։ Դրանցից մեկն էլ հավանաբար կլինի ռուսական գազի սպասվող թանկացումը, ինչը, ըստ Նիկոլ Փաշինյանի, կարող է կոտրել Հայաստանի տնտեսության բեկումը։

«Առաջին եռամսյակի արդյունքներով՝ Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7,1 տոկոս: Դա ցույց է տալիս, որ մենք տնտեսական բեկման հասնելու շատ լավ հնարավորություններ ունենք: Մենք դա համարում ենք տնտեսական հեղափոխություն: Եվ շատ կարևոր է, որ մենք կարողանանք համաձայնեցնել գազի այնպիսի գին, որպեսզի այդ գինը չկոտրի այն տեմպը, որը մենք ունենք տնտեսության մեջ»,- անդրադառնալով ռուսական գազի գնի հետ կապված խնդրին՝ օրերս հայտարարեց վարչապետը։

Թե ի՞նչ տնտեսական բեկման կամ նման հնարավորության մասին է խոսում վարչապետը, թողնում ենք իրեն։ Տնտեսական աճի այն կառուցվածքը, որն առկա է, ընդհանրապես կապ չունի հեղափոխության կամ բեկման հետ։ Եթե նույնիսկ հավատալու լինենք Վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշին, ապա ստացվում է, որ բացարձակ առումով աճին նպաստել է երկու հիմնական ոլորտ, խոսքն առևտրի և ծառայությունների մասին է։

Աճի նման կառուցվածքը չի կարող բեկում ապահովել։ Եթե քայլեր չարվեն տնտեսության իրական հատվածում, ապա այն շուտով սպառվելու է՝ իր հետ տանելով նաև տնտեսական հեղափոխության միֆը։

Գազի գնի բարձրացումն արագացնելու է այդ պրոցեսը։ Ու չի բացառվում, որ այժմվանից փորձ է արվում չիրականացած տնտեսական բեկման պատասխանատվությունը տեղափոխել այլ հարթություն։

Գազի գինը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է ծանր փորձություն։ Անցած տարի չհաջողվեց խուսափել դրա թանկացումից, հիմա էլ նոր թանկացում է սպասվում։

Այս պահին ամեն ինչ տանում է ներմուծման գնի հերթական բարձրացման։ Խնդիրն ընդամենը չափի մեջ է։ Եթե դա տեղի ունենա, ապա այս անգամ անհնարին կլինի խուսափել նաև ներքին սակագնի աճից։

Գազամատակարար ընկերությունը, որի հաշվին մեկ տարով հետաձգվեց գազի թանկացումը, նման ռեսուրսներ այլևս չունի։ Ու դեռ մեծ հարց է, թե այդ ճանապարհով նախորդ թանկացումից խուսափելն ինչ հետևանք կարող է թողնել համակարգի վրա։ Այն ծրագրերը, որոնք պիտի իրականացվեն այստեղ՝ ներմուծման գնի բարձրացումը չեզոքացնելու ակնկալիքով, ենթադրում են նաև ներդրումների կրճատում։ Իսկ դա նշանակում է, որ համակարգը տեխնիկական վերազինման և բարելավման նոր հնարավորություններ առաջիկայում չի ունենա։

Հիշեցնենք, որ գազի նախորդ բարձրացումը գազամատակարարման համակարգի համար կարժենա լրացուցիչ շուրջ 30 մլն դոլար։ Ու եթե այդ ծանրությունն ամբողջությամբ կրելու է «Գազպրոմ Արմենիան», ապա դրա հետ կապված բազմաթիվ հարցեր են ի հայտ գալու։ Մասնավորապես՝ առ այն, թե ինչո՞ւ նախկինում չի օգտագործվել այդ ռեսուրսը՝ սպառողներին ավելի էժան գազ մատակարարելու համար։

Դրան հավանաբար դեռ անդրադառնալու առիթ կլինի։ Թեև գազամատակարար ընկերությունը մինչև այժմ հստակ ոչինչ չի ասել, որ ստանձնելու է տարեսկզբից գործող ներմուծման գնի բարձրացման ամբողջ բեռը։ Իհարկե, դա չի խանգարել, որպեսզի կառավարությունը բազմիցս նման հավաստիացումներ ներկայացնի։ Ու բոլորովին զարմանալի չի լինի, եթե մի օր ընկերությունն անակնկալ մատուցի՝ հայտարարելով, որ գազի ներմուծման գինը հունվարի 1-ից 15 դոլարով բարձրանալու հետևանքով համակարգում պարտքեր են կուտակվել։

Այս ամենի մեջ ինչ-որ մութ պատմություն կա։ Կառավարությունն աշխատում է ամեն կերպ թաքցնել այն հասարակությունից։ Պատահական չէ, որ շատ արագ մոռացվեցին այն հայտարարությունները, որոնք քաղաքական իշխանության այսօրվա ներկայացուցիչները հնչեցնում էին գազամատակարար ընկերությունում տեղի ունեցող արատավոր բարքերի, չհիմնավորված բարձր սակագների, սպառողներին թալանելու և միլիոնավոր դոլարներ յուրացնելու վերաբերյալ։

Այնպիսի տպավորություն է, որ բնակչությունն այլևս կրկնակի չի վճարում ներմուծվող գազի դիմաց։ Չնայած այս առումով ոչինչ էլ չի փոխվել` հիմա արդեն խոսք չկա գազի սակագինն իջեցնելու մասին։ Մինչդեռ ժամանակին Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ սակագները նվազեցնելու խոստումներ շռայլել։ Եվ ոչ միայն գազի սակագները նվազեցնելու։

Այսօր այլևս պարզ է, որ նման բան սպառողներին չի սպառնում։ Փոխարենը՝ միանգամայն իրատեսական է հաջորդ տարվանից գազի, ինչպես նաև հանրային այլ ծառայությունների սակագների բարձրացումը։ Այդ առնչությամբ վարչապետը, անշուշտ, բազմաթիվ հիմնավորումներ կբերի, կհայտարարի, որ արվել է հնարավոր ու անհնարին ամեն ինչ՝ սակագինը չբարձրացնելու համար։ Բայց այլ ճանապարհ չկա։ Ու կպարզվի՝ այդ ամենի մեղավորը կրկին նախկիններն են։

Իսկ թե դրանից ի՞նչ օգուտ սպառողին, դժվար չէ պատկերացնել։

Որ գազի սակագնի բարձրացումը ծանր հարված կարող է լինել Հայաստանի տնտեսության համար, կասկածից վեր է։ Դա բերելու է բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների թանկացման՝ հանգեցնելով մրցունակության նվազման և պահանջարկի անկման։ Գազի թանկացման ազդեցությունն ուղղակիորեն կրելու է նաև էլեկտրաէներգիայի սակագինը։ Բայց դա դեռ ամենը չէ։

Էներգակիրների թանկացման հետևանքները միշտ էլ ցավոտ են լինում՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ հասարակության համար։ Իշխանափոխությունից հետո այս առումով ոչինչ չի փոխվել՝ ո՛չ տնտեսության դիմադրողականությունն է բարձրացել, և ո՛չ էլ սպառողների վճարունակությունն է ավելացել։ Այս ամենից հետո մնում է միայն հուսալ, որ գազի և ընդհանրապես էներգակիրների սպասվող թանկացումից կորուստները հնարավորինս քիչ կլինեն և չեն խաթարի Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, ի հայտ եկած բեկման հնարավորությունները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս