Բաժիններ՝

ԱՄՆ-ում Tony մրցանակը «Լավագույն մյուզիքլ» անվանակարգում ստացել է Hadestown -ը

«Հեյդիսթաուն» (Hadestown, «Աիդի քաղաքը») երաժշտական բեմադրությունը ճանաչվել է լավագույն մյուզիքլը Բրոդվեյի ավարտված թատերաշրջանում: Այդ մասին հայտարարվել է հունիսի 9-ին Նյու Յորքում Tony թատերական մրցանակաբաշխության 73-րդ արարողության ընթացքում: Միջոցառման հեռարձակումը վարել է CBS հեռուստաընկերությունը:

«Հեյդիսթաունը» բեմադրվել է ամերիկացի երգչուհի եւ կոմպոզիտոր Էնեիս Միթչելի համանուն կոնցեպտուալ ֆոլկլորային ալբոմի երաժշտության հիման վրա: Այս մյուզիքլում Օրփեոսի եւ Էվրիդիկեի մասին անտիկ առասպելի հերոսները փոխադրվել են ապագա, որտեղ Օրփեոսին սպասում է փառքի փորձությունը, իսկ Էվրիդիկեին՝ սպասման եւ անհայտության տանջանքները:

«Հեյդիսթաունն» այս տարի ռեկորդակիր է անվանակարգերի թվով: Մյուզիքլը Tony մրցանակի է առաջադրվել 14 կատեգորիայում՝ հաղթելով ութում: Ամերիկուհի Ռեյչել Չեւքինը նվաճել է պարգեւ «Հեյդիսթաունի» բեմադրության համար:

Թխամորթ դերասան, խորեոգրաֆ եւ երգիչ Անդրե դե Շիլդսը նշվել է Հերմես աստծու կերպարի մարմնավորման համար: Դա առաջին Tony-ն Է Բրոդվեյի բեմի 73-ամյա վետերանի գանձանակում: Ուշագրավ է, որ «Հեյդիսթաունը» չորս անվանակարգում Tony է նվաճել մինչեւ պարգեւատրման արարողության պաշտոնական սկիզբը: Մյուզիքլը պարգեւների է արժանացել դիզյանի (Ռեյչել Հաուք), վերդաշնակման (Մայքլ Չոռնի եւ Թոդ Սիքաֆուզ), լուսային ձեւավորման (Բրեդլի Քինգ) եւ ձայնային ձեւավորման (Նեւին Սթայնբերգ եւ Ջեսիկա Փազ) համար:

Լավագույն վերածնված մյուզիքլ է ճանաչվել «Օկլահոմա» (Oklahoma!) ներկայացումը, ժանրի այդ դասականի պրեմիերան կայացել է 1943 թվականի մարտի 31-ին:
Tony մրցանակը շնորհվում է ամեն տարի ամերիկյան թատերական արվեստի զարգացման բնագավառում ձեռք բերված նվաճումների համար:

Այն կոչվել է դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր եւ բարեգործ Անտուանետա (Թոնի) Փերիի պատվին, որը կյանքից հեռացել է 1946 թվականին: ԱՄՆ-ում Tony-ն համարվում է կինոյում «Օսկարի», երաժշտության բնագավառմում Grammy-ի, հեռուստատեսային արվեստում Emmy-ի անալոգը: Պարգեւի դափնեկիրներին հանձնվում է պատվանդանին ամրացված մեդալիոն, որի մի կողմում պատկերված են ոբերգության եւ կատակերգության անտիկ դիմակները, իսկ մյուս կողմին՝ Փերիի կիսադեմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս