«Ո՞ր դեպքում է ոստիկանությունը որոշում ոչինչ չանել, ու ո՞ր դեպքում է որոշում միջամտել». Ռուբեն Մելիքյանը՝ Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու մասին

Շատ կարևոր է ոչ միայն այս հարցով, այլ առհասարակ՝ ՀՀ քաղաքացիների համար, տեղեկանալ, թե արդյո՞ք կա որոշակի ընթացակարգ, թե ինչպես է մեր պետությունը, մասնավորապես՝ ոստիկանությունը,  վարվում ունեցած տեղեկատվության հետ։

Այս մասին Կենտրոն ոստիկանության բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու փաստին։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց։ Նրա հետ ոստիկանական բաժանմունքում էին փաստաբաններ Ռուբեն Մելիքյանը և Տիգրան Աթանեսյանը։

«Եթե մեր պետությունն ի սկզբանե գիտի, որ որոշակի արարք հանցավոր չէ, ապա արդյո՞ք իրավաչափ է, որ կիրառեն թեկուզ երկու ժամով անձի  ազատությունը զրկելու սահմանափակումներ, ընդ որում, այնպիսի հատուկ միջոց կիրառելով, ինչպիսին ձեռնաշղթան է, միջամտելով բնակարանի անձեռնմխելիության իրավունքին, անձնական տվյալների գաղտնիությանը՝ անձնական խուզարկություն իրականացնելով։

Եթե մեր պետությունն արդեն իսկ գիտի, որ այդ արարքը հանցավոր չէ, ինչո՞ւ է անձի իրավունքները սահմանափակում։

Ո՞ր դեպքում է ոստիկանությունը որոշում ոչինչ չանել, ու ո՞ր դեպքում է որոշում միջամտել, օրինակ՝ բերման ենթարկել, թեկուզ հրավիրել. այս բոլոր հարցերը մենք պետք է քննարկման առարկա դարձնենք»,- ասաց Մելիքյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ի աջակցության Նիկոլ Փաշինյանի իրականացված հանրահավաքի կազմակերպիչ Ջիվան Աբրահամյանը հարթակից հայտարարել էր, որ եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գնա Արցախ, ապա ինքն առաջինը կոչ կանի մարդկանց՝ «գնան ու քարով ցխեն Բակո Սահակյանի գլուխը»: ՀՀ Քննչական կոմիտեն Ջիվան Աբրահամյանի նկատմամբ քրեական գործ չհարուցեց՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Երեկ «Ադեկվադի»  անդամի վրա տեղի ունեցած հարձակումից հետո հրավիրված ասուլիսում Արթուր Դանիելյանը դժգոհելով նման հռետորիկայից՝ իր խոսքում օգտագործել էր Աբրահամյանի օգտագործած արտահայտությունները։

Արթուր Դանիելյանը ձերբակալվել էր և ձեռնաշղթաներով տեղափոխվել ոստիկանություն:

«Ադեկվադի» ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակվել, որտեղ երևում էր՝ ինչպես են ոստիկանները ձեռնաշղթաներով մեքենա նստեցնում Արթուր Դանիելյանին։

Ըստ տեսանյութի՝ նա բերման էր ենթարկվել վարչապետին ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիքի համար։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս