
«Մենք պետք է վերլուծենք այս ընտրությունները և համապատասխան հետևություններ անենք». Էդուարդ Աղաջանյան

Աբովյանի քաղաքապետի ընտրություններն անցել են օրենքի տառին համապատասխան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին և Աբովյանում ԲՀԿ թեկնածուի հաղթանակին:
«Աբովյանցիների մեծամասնությունը, չնայած փոքր տարբերությամբ, կատարել է ընտրությունը, և մենք պարտավոր ենք հարգել այդ ընտրությունը»,- ասաց նա:
Ըստ Աղաջանյանի՝ սա չի վկայում, որ «Իմ քայլը» դաշինքի վարկանիշն անկում է ապրել, քանի որ խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունները տարբերվում են իրենց ծավալներով, ՏԻՄ-ն ունի որոշակի առանձնահատկություն.
«Անձնական ֆակտորը բավականին մեծ դեր ունի, և միգուցե տեղային որոշ անձանց կամ խմբերի ազդեցությունն այս ընտրություններում ավելի մեծ դեր ունի»:
Դիտարկմանը, որ մարզպետն ասել է, որ հեղափոխությունն Աբովյան չի հասել, Է.Աղաջանյանը կրկնեց, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ քաղաքներում, գյուղերում այդ ազդեցություններն ավելի ուժեղ են:
«Ես վստահ եմ, որ մենք պետք է վերլուծենք այս ընտրությունները և համապատասխան հետևություններ անենք»,- ասաց Աղաջանյանը: