Samsung Electronics-ը կրճատում է սմարթֆոնների արտադրությունը Չինաստանում. The Korea Herald
Samsung Electronics կորպորացիան նվազեցնում է արտադրության ծավալները Չինաստանում սմարթֆոնների հավաքման իր միակ գործարանում: Այդ մասին հայտնել է The Korea Herald-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ կրճատումները վերաբերել են Չինաստանի Գուանդունի նահանգի Հոյչժոու քաղաքում ընկերության սմարթֆոնների հավաքման գործարանի աշխատակիցներին:
«Կորպորացիայի չինական ստորաբաժանման վարչության վերակազմման շրջանակներում որոշում է ընդունվել գործարանում աշխատակիցների կրճատման մասին,-պարզաբանել է Samsung Electronics-ի ներկայացուցիչը:
Մենք արդեն արտադրական հզորությունների անկման տվյալներ ենք գրանցում: Աշխատանքից ազատվածների վերջնական մասշտաբները դեռեւս պարզ չեն»: Ինչպես նշել են ընկերությունում, կադրային փոփոխությունների պատճառը դարձել է վերջին տարիներին շարժական սարքերի վաճառքների ծավալների նվազումը:
Հոյչժոուի գործարանը բացվել է 1992 թվականին եւ սկսել է սմարթֆոններ թողարկել 2006 թվականին: 2017 թվականի դրությամբ ֆաբրիկայում աշխատում էր ավելի քան 6 հազար մարդ:
Samsung Electronics-ը Չինաստանում հեռախոսների աարտադրության նվազեցմանը ձեռնամուխ է եղել 2018 թվականին՝ փակելով Տյանցզինի իր գործարանը: Թերթի կարծիքով՝ ՉԺՀ-ում աշխատուժի եւ ընկերության գործարանների կրճատման որոշումը կապված է Հնդկաստանում իր ներկայությունն ընդլայնելու կորպորացիայի պլանների հետ:
Անցյալ տարվա օգոստոսին Samsung Electronics-ը հայտարարել էր Հնդկաստանի Նոյիդա քաղաքում շարժական հեռախոսների արտադրություն գործարկելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: