Բաժիններ՝

Նեյմարը կարող է 5 տարի ազատազրկվել՝ ինտիմ լուսանկարների պատճառով

Բրազիլիայի ազգային հավաքականի առաջատար Նեյմարին հավաքականի մարզման ժամանակ այցելել է ոստիկանությունը:

Ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության մեջ: Ըստ վարկածի՝ բռնաբարությունը տեղի է ունեցել մայիսի 15-ին Փարիզի հյուրանոցներից մեկում:

Ոստիկանությունը մարզաբազայում սպասել է 45 րոպե, որպեսզի ֆուտբոլիստը ստորագրի մի շարք թղթեր և խոստանա, որ ուրբաթ օրը վկայություն է տալու:

Սակայն, ոստիկանությունն ու ֆուտբոլիստը պայմանավորվել են, որ Նեյմարը հարցաքննության է մասնակցելու մյուս շաբաթ՝ հավաքականի ընկերական հանդիպումներից հետո:

Իր անմեղությունը ապացուցելու համար Նեյմարը տեսանյութ էր հրապարակել, որտեղ սկզբից երևում էր Նեյմարի և մեղադրանք ներկայացրած աղջկա խոսակցությունը՝ այդ թվում ինտիմ լուսանկարները: Նեյմարը ցույց է տվել այն նամակաները, որտեղ երևում է, որ իր և այդ աղջկա միջև ամեն ինչ տեղի է ունեցել երկուստեք համաձայնությամբ:

Սակայն, այս տեսանյութի հրապարակումը ևս խնդիրներ է առաջացրել բրազիլացի ֆուտբոլիտի համար: Նշվում է, որ Նեյմարը իրավունք չուներ ցուցադրել աղջկա ինտիմ լուսանկարները՝ առանց նրա համաձայնության: Առհասարակ, Բրազիլիայում սեքսուալ բովանդակությամբ ցանկացած հրապարակում՝ առանց համաձայնության, խստորեն պատժվում է: Եթե ապացուցվի, որ Նեյմարը հրապարակել է լուսանկարները վրեժի կամ ստորացման նպատակով, ապա նա կազատազրկվի 5 տարի և ավելի ժամկետով:

Նեյմարը և աղջիկը, ում անունը չի բացահայտվում, կհարցաքննվեն առանձին, ինչպես նաև կուսումնասիրվեն նրանց հեռախոսները:

Նշենք, որ սա Նեյմարի միակ դատական գործընթացը չէ այս ընթացքում: Բրազիլիայի եկամտային ծառայությունը ՊՍԺ-ի առաջատար Նեյմարի դեմ պարտավորություններ է դրել՝ 2013 թվականին հարկերից խուսափելու գործի կապակցությամբ: Սա այն ժամանակահատվածն էր, երբ ֆուտբոլիստը տեղափոխվում էր «Սանթոսից» «Բարսելոնա»:

Բրազիլացու ընտանիքին առաջարկվում է վճարել 69 միլիոն ռեալ (15.7 միլիոն եվրո) և 150 տոկոս տուգանք: Նեյմարը պնդում է, որ պետք է վճարի 11.5 միլիոն ռեալ (2.6 միլիոն եվրո):

Որպես անվտանգության միջոց, հարկային մարմինները սառեցրել են Նեյմարի ընտանիքի հաշիվների մի մասը: Նեյմարի ընտանիքը չի կարող օգտագործել նաև 2008 թվականի Cessna Citation 680 ինքնաթիռը, որի արժեքը գնահատվում է 4 մլն դոլարից մինչև 18 մլն դոլար, ինչպես նաև 2012 թվականի Eurocopter 130 B4 ուղղաթիռ՝ մոտ 2 մլն դոլար:

Հարձակվողի հայրը հանդիպել է բրազիլական էկոնոմիկայի նախարար Պաուլո Գյոսսի հետ՝ խնդրի լուծման համար, սակայն մինչ օրս չի հաջողվել կարգավորել խնդիրը:

2015 թվականին Նեյմարը տուգանվել է 188 միլիոն ռեալով (42,85 միլիոն եվրո)՝ 2011 թվականից մինչև 2013 թվականը 63,3 միլիոն ռեալ (14,42 միլիոն եվրո) չհայտարարագրելու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս