Բաժիններ՝

Ավելի քան 100 մարդ է զոհվել Սուդանում բողոքների ճնշման հետևանքով

Ավելի քան 100 մարդ է զոհվել Սուդանի Հարթում մայրաքաղաքում բանակային ուժերի կողմից ընդդիմության վրանային ճամբարի ցրման հետեւանքով: Այդ մասին հայտնել է BBC-ն՝ վկայակոչելով ընդդիմությանը: Նշվում է, որ տասնյակ մարմիններ են հայտնաբերվել Հարթումի մերձակայքով հոսող Նեղոս գետում: Ավելի վաղ հաղորդվել էր 60 զոհվածների մասին:

Սուդանի բանակը հունիսի 3-ի վաղ առավոտյան Հարթումի կենտրոնում՝ պաշտպանության նախարարության շենքերի համալիրի մերձակա հրապարակում, ձեռնամուխ էր եղել վրանային ճամբարը ցրելուն: Հաղորդվել է, որ ակտիվորեն հրազեն է կիրառվել:

Անվտանգության ուժերը փակել են Հարթումի բոլոր կենտրոնական փողոցները եւ հրապարակի մատույցները: Վրանային ճամբարի ցրումից անմիջապես հետո «Սուդանի արհմիությունների միավորում» առաջատար ընդդիմադիր շարժումը կոչ է արել երկրի բնակիչներին՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսել:

Սուդանում զինվորական հեղաշրջում է տեղի ունեցել ապրիլի 11-ին չորսամսյա ժողովրդական բողոքների ֆոնին: Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել է իշխանությունից, իսկ ավելի ուշ՝ բանտարկվել:

Իշխանությունն իր ձեռքն է վերցրել բանակի կողմից ձեւավորված անցումային ռազմական խորհուրդը, որը հայտարարել է երկու տարվա ընթացքում երկրի ղեկավարությունը ընտրված իշխանություններին հանձնելու մտադրության մասին: Սակայն ժողովրդական բողոքները, չնայած զինվորականների խոստումներին, չեն հանդարտվում: Բողոքավորները պահանջում են անհապաղ ձեւավորել քաղաքացիական կառավարման մարմին եւ նրան հանձնել իշխանական բոլոր լիազորությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս