«Վարչապետի նշած դավադիր ուժերը կարող են լինել այն մարդիկ, որոնք չեն ենթարկվում նրա մատի շարժումներին՝ մարիոնետկաներ չեն». Աղասի Ենոքյան
«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը փաստահավաք խումբ չէ, այն վերլուծությունների համար չէ, այլ ստեղծվում է՝ որպես քաղաքական ճնշման գործիք։ Պարզ չէ, թե հանձնաժողովն ինչ հարցերի պետք է պատասխան տա։ Եթե խոսքն այն մասին է, թե ո՞վ է պատերազմը սկսել, ապա այդ հարցը գոյություն չունի, ակնհայտ է, որ սկսել է Ադրբեջանը։ Կամ, եթե խոսքն այն մասին է, որ մենք կարող էինք ավելի լավ կռվել, ապա դրա համար ավելի շատ մասնագիտական հանձնաժողով էր պետք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
Քաղաքագետի համար, անհասկանալի է նաև այն, որ հանձնաժողովից ասել են, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների ծնողներին ևս պետք է կանչեն հանձնաժողով և նրանց հետ խոսեն։
Նրա կարծիքով՝ սա կարող է բողոքի հարթակ ստեղծել, որը հետագայում, հնարավոր է՝ օգտագործվի բանակի ղեկավարության, նրա դեմ ճնշումների, ինչպես նաև Արցախի ղեկավարության դեմ ճնշումների համար։
«Սա կլինի նրանց գլխին մշտական դագանակ, որը ցանկացած պահի իշխանությունն այն կփորձի օգտագործել՝ գոնե այս վեց ամիսներին, քանի դեռ այդ հանձնաժողովը գոյություն ունի»,- հավելեց Աղասի Ենոքյանը։
Նրա դիտարկմամբ, այդ հանձնաժողովը ստեղծվեց հիմա, քանի որ ՀՀ վարչապետն ամեն ինչ օգտագործում է Արցախի իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու համար, և հանձնաժողովն այդ գործիքներից մեկն է։ Եվ այս ամենը կարող է սպառնալ Արցախի անվտանգությանը։
«Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ստանալ մենիշխանություն, նա հայտարարեց, որ իրեն երկու խանգարող խնդիր կա, առաջինը՝ դատական իշխանությունն էր, երկրորդը՝ Արցախի իշխանությունները, որոնք, ըստ Փաշինյանի՝ դավադրություն են հյուսում իր դեմ։ Կարծում եմ՝ շուտով երրորդի մասին էլ կխոսի։
Այս ամենը որևէ տրամաբանական քննության չի դիմանում, փաստորեն ասում է, որ այն մարդիկ, որոնք ազատագրել են այդ հողերը, դրանք պատրաստվում են հանձնել թշնամուն, որպեսզի ամեն ինչ բարդեն Փաշինյանի վրա, սա իսկապես հակատրամաբանական է։ Սրանով վարչապետը փորձում է ստանալ երաշխիքներ, որ հնարավոր պատերազմի անհաջող ելքի դեպքում մեղքն իր վրա չբարդվի, այլ ամբողջ մեղքը թողնի իր նշած դավադիրների վրա»,- շեշտեց Աղասի Ենոքյանը։
168.am-ի հարցին, եթե վարչապետը նշում է, որ Արցախում կան դավադիր ուժեր, ինչո՞ւ նրանցով չի զբաղվում Ազգային անվտանգությունը, և արդյո՞ք ենթադրում է, թե ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, Աղասի Ենոքյանը պատասխանեց, եթե դավադիր ուժերի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, ապա պետք է անուններ հրապարակի, քանի որ հարց է առաջանում, ինչի՞ց են ենթադրել, որ կան դավադիր ուժեր, երբ նրանք դեռ չեն բացահայտվել։
«Սա, իհարկե, խնդիր է, քանի որ Փաշինյանը հայտարարեց, որ այդ դավադիր ուժերը պատերազմ են սկսելու Ադրբեջանի դեմ։ Այսինքն՝ Ադրբեջանը կարող է հանգիստ պատերազմ սկսել և հայտարարել, որ Փաշինյանն ասել է, որ Արցախի դավադիր ուժերն են պատերազմ սկսել։ Սա մեծ վտանգ է։ Նրա ասած դավադիր ուժերը կարող են լինել այն մարդիկ, որոնք ունեն սեփական կարծիք, արժանիքներ և չեն ենթարկվում իր մատի շարժումներին՝ մարիոնետկաներ չեն»,- եզրափակեց Աղասի Ենոքյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան