«Ես ավելի վատ եմ ապրելու, իմ կյանքի որակն ընկնելու է». «Ահազանգ»-ի անդամը՝ եկամտային հարկի համահարթեցման մասին
ՀՀ կառավարությունը ԱԺ է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
«Եկամտային հարկի համահարթեցման սկզբունքի կիրառման նախագիծը հարվածում է ցածր եկամուտ ունեցողներին, իսկ այդպիսին բնակչության մեծամասնությունն է: 150.000 դրամից ցածր ստացողները կազմում են աշխատողների 65 տոկոսը, բայց, չգիտես ինչու՝ մոռացել ենք, որ ունենք գործազրկության, աղքատության բարձր մակարդակ: Մոռանում ենք, թե սա ինչպես է ազդելու երիտասարդների, գործազուրկների ու թոշակառուների վրա: Մեկ հարց է ծագում՝ այս նախագծի ընդունումից հետո ես ավելի լա՞վ եմ ապրելու, թե՞ ավելի վատ: Հարցի պատասխանը միանշանակ է՝ ես ավելի վատ եմ ապրելու, իմ կյանքի որակն ընկնելու է՝ ի հաշիվ այն լուծումների, որն առաջարկում է կառավարությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ահազանգ» հասարակական երիտասարդական շարժման համակարգող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը:
«Ամեն ինչ արվում է, որ այս նախագիծը պատշաճ կերպով չքննարկվի: Մեր նպատակը եկամտային հարկի համահարթեցման ու դրանից բխող հետևանքների կանխումն է: Ամեն ինչ անելու ենք, որ այն օրենքի ուժ չստանա»,- հավելեց նա:
Քրիստինե Վարդանյանը հայտնեց, որ հանդիպել են ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ, և, որ նրանք ևս գիտակցում են նախագծի բոլոր բացասական հետևանքներն ու անտարբեր չեն դրանց նկատմամբ: Սպասում են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ուղղված նամակի պատասխանին:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները, ինչպես որ պահանջում էին, հանդիպեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին նախաձեռնության անդամները բողոքի ցույց էին անում ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման՝ կոչ անելով Հարկային օրենսգրքի այդ փոփոխությանը դեմ քվեարկել: Մինչ Մակունցի հետ հանդիպումը նրանց հետ հանդիպեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ու հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը: Նրանք ցուցարարներին փորձում էին բացատրել, որ եկամտային հարկի համահարթ տարբերակը բնավ նրանց նշած՝ աղքատներն է՛լ ավելի կաղքատանան, հարուստներն էլ՝ կհարստանան միտումը չունի:
Անի Կարապետյան