«Արայիկ Հարությունյանը ստախոս է». Սամվել Բաբայանի համակիրները մեղադրում են Արցախի նախկին վարչապետին

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրներ Արմեն Մեջլումյանը և Արամ Հովակիմյանը վստահեցնում են՝ Սևանի մայրուղում տեղի ունեցած միջադեպը, երբ իրենց ուղղությամբ կրակել են՝ կրում է քաղաքական բնույթ, այստեղ որևէ կենցաղային բնույթի հարց չկա։

«3-4 ամիս է, մենք սատարում ենք Արցախի հերոս Սամվել Բաբայանին։ Որպես ազգի հերոս՝ նա հանդիպումներ է ունենում ժողովրդի հետ, դրանք հասարակական բնույթի հանդիպումներ են։ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է անում, թե սա կենցաղային ու ֆինանսական բնույթի հարցերի հետևանք է՝ նման բան չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արամ Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ հարց է առաջանում՝ իրենց ուղղությամբ կրակելը մահափո՞րձ էր, թե՞ պատահականություն, սակայն 21-րդ դարում պատահականություններ լինո՞ւմ են։
Արամ Հովակիմյանի բնորոշմամբ՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի կողմնակիցներին դուր չի գալիս, որ Սամվել Բաբայանը հանդիպում է Մարտակերտի շրջանի բնակիչների հետ, և յուրաքանչյուր բնակիչ նրան լսում է, ուստի Սևանի մայրուղում գրանցված միջադեպն Ա. Հարությունյանի ձեռքի գործն է եղել։

Արմեն Մեջլումյանն էլ հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանը ստախոս է, քանի որ իրենք որևէ մեկին չեն ճանաչում և որևէ մեկի հետ կենցաղային հարցեր չունեն։

Կարդացեք նաև

«Մենք ապրում ենք՝ անուն-ազգանունի, այլ ոչ թե՝ դրամ-դոլարի համար։ Պաշտոնապես հայտարարում եմ, եթե Արայիկ Հարությունյանն իր խոսքի տերն է, կարող ենք դեմ առ դեմ մամուլի ասուլիս կազմակերպել, որպեսզի մեր հանրությունն իմանա, թե Արցախում ինչ է կատարվում։ Մեքենայի մեջ եղել ենք ես ու իմ ընկեր Արամը, երրորդ անձ չի եղել, ինչպես նրանք են ասում։ Հարցն այն չէ, որ այդ մարդկանց պետք է ձերբակալեն, այլ այն, թե ով է մեր վրա հարձակվելու «զակազը» տվել, ու ես ասում եմ՝ Արայիկ Հարությունյանը»,- նշեց Ա. Մեջլումյանը։

Նա նաև հավելեց, որ 3 ամիս շարունակ հանդիպումներ են ունենում Մարտակերտի շրջանում, հանդիպում ու զրուցում ժողովրդի հետ, և որևէ մեկին չճանաչելով՝ հանկարծ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ ամեն ինչ կապված է կենցաղային հարցերի հետ, ուստի հարց է առաջանում, թե Ա. Հարությունյանն ինչից է ենթադրել, որ հարցը կենցաղային է։
«Ես գիտեի, որ Արայիկ Հարությունյանը տնտեսագետ է, բայց որ երկրորդ «պրոֆեսիա» է ձեռք բերել և դարձել ստագետ՝ արդեն աբսուրդի ժանրից է։ Պատկան մարմիններն այս հարցին թող լուծում տան, եթե չտան, ապա մենք կլուծենք, թե ինչպե՞ս՝ արդեն պահը ցույց կտա»,- շեշտեց նա։

Նա իր զարմանքը հայտնեց՝ կապված այն հանգամանքի հետ, որ ոստիկանությունը միջադեպից անմիջապես հետո հայտարարել էր, թե միջադեպն ամբողջությամբ բացահայտվել է, սակայն իրենց հետ որևէ մեկը չի խոսել, ուստի հարց է առաջանում, եթե իրենց՝ երկրորդ կողմի կարծիքը չեն լսել, ինչպե՞ս են հայտարարում,  որ գործն ամբողջությամբ բացահայտվել է։

Հարցին՝ Արցախի նախագահական ընտրություններում Սամվել Բաբայանին ում են մրցակից տեսնում, պատասխանեցին՝ որևէ մեկն իրենց մրցակից չէ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս