Տնտեսության թափ հավաքելու համար հիմքեր պետք է ստեղծել

Սովորության համաձայն, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մի այսպիսի գրությունը տեղադրեց. «2019-ի ապրիլին ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ նախորդ տարվա ապրիլի 7,3 տոկոսի ֆոնին: Թափ ենք հավաքում»։

Անտեղյակ ընթերցողի համար վարչապետի բերած թվերը գուցե և տպավորիչ են։ Բայց դրանք ամենևին էլ չեն բնութագրում տնտեսության այն վիճակը, որն ունենք այսօր։

Նման հայտարարություններ Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարվա ընթացքում բազմիս ենք լսել։ Ու եթե հավատալու լինենք դրանց, ապա Հայաստանի տնտեսությունը վաղուց պիտի թափ հավաքած լիներ։

«Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար»,- դեռևս անցած տարվա հոկտեմբերին Ֆեյսբուքի իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը` բերելով բանկային համակարգի որոշ ցուցանիշներ։
Ի դեպ, այս հայտարարությունից մի քանի ամիս հետո բանկային համակարգի ցուցանիշները սկսեցին նահանջել։

Դժվար է ասել՝ վարչապետը հավատո՞ւմ է իր ասածին, թե՞ ոչ, բայց փաստն այն է, որ իրականում ոչինչ էլ չենք հավաքում։ Ու դրանում շուտով համոզվելու ենք։ Թափ հավաքելու համար հիմքեր պետք է ստեղծել։ Բայց Հայաստանի տնտեսության մեջ այսօր այդ հիմքերը չկան։

Այն, ինչ ասում է վարչապետը, ամենևին էլ հիմք չէ նման հայտարարություն անելու համար։ Եթե անցած տարվա հեղափոխական Հայաստանում արձանագրված անկման համեմատ ցուցանիշներն այս տարի մի փոքր ավելի բարձր են, դա բոլորովին էլ ոգևորվելու առիթ չի տալիս։ Առավել ևս, անիմաստ է խոսել թափ հավաքելու մասին։

Պարզ չէ՞, որ այդպես էլ պիտի լիներ։ Ի՞նչ էր կատարվում անցած տարվա ապրիլին Հայաստանի տնտեսության մեջ. փողոցները տոտալ շրջափակման մեջ էին, անհնարին էր դարձել տեղից տեղ տեղափոխվելը, մարդիկ անգամ չէին կարողանում աշխատանքի հասնել, իսկ շատերն էլ քայլում էին Նիկոլ Փաշինյանի հետ։ Արդյունքում՝ տնտեսության բոլոր ոլորտներում ցուցանիշները նահանջեցին։

Ու հիմա, երբ վարչապետը հպարտանում է, որ ապրիլին հաջողվել է բարձր աճ ապահովել, թող բարի լինի նաև ասել, թե ինչի արդյունքում է այդպես եղել։ Հասկանալի է, կառավարության ղեկավարը չի մտնում այդ մանրամասների մեջ, որովհետև դա իր օգտին չէ։

Իրականում հետհեղափոխական Հայաստանի տնտեսությունը քիչ աղերս ունի թափ հավաքելու հետ։ Դրանում համոզվելու համար ճիշտ կլիներ այս տարվա ապրիլի ցուցանիշները համադրել ոչ թե անցած տարվա ապրիլի, երբ տնտեսությունը հայտնվել էր փակուղում, այլ մարտի հետ, երբ տնտեսության մեջ իսկապես բուռն զարգացումներ էին, և չէր սկսվել Նիկոլ Փաշինյանի հեղափոխական քայլարշավ։

Համադրելու դեպքում ահա թե ինչ կստացվի. այս տարվա ապրիլին իրականացվել է 20,5 մլրդ դրամի, անցած տարվա մարտին` 22,8 մլրդ դրամի շինարարություն, այս տարվա ապրիլին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 151 մլրդ դրամ, անցած տարվա մարտին` 146 մլրդ դրամ, այս տարվա ապրիլին արտադրվել է 607,3 մլն կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա, անցած տարվա մարտին` 607,5 մլն կիլովատտ ժամ, այս տարվա ապրիլին արտահանվել է 207,9 մլն դոլարի ապրանք, անցած տարվա մարտին` 206,5 մլն դոլարի։

Ակնհայտ է, չէ՞, որ տնտեսության հիմնական ոլորտներում ցուցանիշները գրեթե չեն փոխվել։ Ու սա՝ այն դեպքում, երբ այս տարվա ապրիլը համեմատում ենք անցած տարվա մարտի հետ։ Դժվար չէ պատկերացնել, թե տնտեսական զարգացումներն ինչպիսին կլինեին անցած տարվա ապրիլին, եթե ներքաղաքական իրավիճակը չլարվեր։

Այսքանից հետո տեղին չէ հպարտանալ, որ տնտեսությունը թափ է հավաքում։ Թափ հավաքող տնտեսությունը չէր կարող նախորդ ամսվա համեմատ գրեթե բոլոր ոլորտներում անկում գրանցել։ Ընդ որում, երբեմն՝ բավական կտրուկ։ Սա իսկապես մտահոգիչ է։ Ու ինչքան էլ վարչապետը փորձի տարբեր ձևերով պահել տնտեսական թռիչքի ու տնտեսական հեղափոխության էյֆորիան, դա մի օր պայթելու է։

Թափ հավաքող տնտեսության մեջ ներդրումներ են պետք։ Կա՞ն այսօր ներդրումներ։ Իհարկե չկան։ Ու բոլորովին էլ զարմանալի չէ, որ վերջին շրջանում՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ՝ կառավարության անդամները խուսափում են թվեր հրապարակել այդ մասին։

Հեշտ է ասել՝ «ներդրումներ եղել են, կան, իսկ ներդրումային ակտիվությունն ավելանում է ժամանակի ընթացքում»։ Մի՞թե սա պատասխան է, որը տալիս է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը։ Ե՞րբ է գալու ներդրումների ակտիվացման ժամանակը։

«Բումը մեկ օրում չի լինում»,- ասում է նախարարը։ Հասկանալի է, որ մեկ օրում ներդրումային բում չի լինում, բայց իշխանափոխությունից արդեն մեկ տարի է անցել։ Իսկ ժամանակին Նիկոլ Փաշինյանն այլ բան էր ասում։ Հիմա արդեն վարչապետը խուսափում է ներդրումներից խոսել, որովհետև պարզվում է՝ ներդրումային ծրագրերը գործարարներն են իրականացնում, ոչ թե կառավարությունը։ Մի՞թե ժամանակին չգիտեիք, որ այդպես է, երբ մեծ-մեծ խոստումներ էիք տալիս։

Որ ներդումների առումով վիճակն իսկապես լավ չէ, ոչ վաղ անցյալում անկեղծորեն խոստովանեց նախարար Տիգրան Խաչատրյանը. «Կան երևույթներ, որոնք մտահոգիչ են: Մենք կարծում ենք, որ դեռևս ներդրումներն այն մակարդակի չեն, որ կցանկանայինք լիներ։ Անում ենք մեզանից կախված ամեն բան, որ ներդրումներն ավելանան»։

Դեռ ինչքան պետք է սպասի տնտեսությունը ներդրումներին, հայտնի չէ։

Այս պայմաններում որքան էլ վարչապետը հուսադրող թվեր հրապարակի, տնտեսության վիճակը դրանից չի լավանա։ Վիճակագրական աճերն ինքնին ոչինչ են, եթե դրանց արդյունքը տեսանելի չէ։ Տարիներ շարունակ Հայաստանում այդպես է եղել, այսօր էլ ոչինչ չի փոխվել։

Գուցե և վիճակագրորեն տնտեսությունն աճում է, բայց դրանից հասարակությանն ի՞նչ։ Հասարակությունը ոչինչ էլ չի շահում։ Այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ աճը հիմնված չէ իրական տնտեսության վրա։

Աճի որակը պետք է փոխվի։ Առևտրով ու ծառայություններով չեն բնութագրվում տնտեսության զարգացումները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս