Բաժիններ՝

«Մեր խիղճն անսխալական դատավոր է, քանի դեռ մենք նրան չենք սպանել»

Մի օր արդար մարդու խիղճը հանդիպեց սրիկայի խղճին:

– Ինչպե՞ս ես, – հարցրեց արդար մարդու խիղճը:

– Ավելի լավ է չհարցնես, – պատասխանեց սրիկայի խիղճը: – Ոչ թե ապրում, այլ տառապում եմ: Իմ տերն ամոթը բոլորովին կորցրել է: Սեփական անձից բացի նրան ոչինչ չի հետաքրքրում, նրան չեն հուզում ուրիշների զգացմունքները: Կարող է բոլորին վիրավորել, ստորացնել: Իսկ իր ունեցվածքից որևէ մեկին բաժին հանելու կամ օգնելու մասին ընդհանրապես խոսք չի կարող լինել:

– Իսկ դու փորձե՞լ ես նրա սիրտը շարժել, – հետաքրքրվեց արդար մարդու խիղճը:

– Իհարկե, փորձել եմ. գրքեր եմ հուշել բարու և չարի մասին, ազնիվ, լավ ու կարգին մարդկանց հանդիպեցրել որպես օրինակ, բայց ապարդյուն: Նրա նենգությունն ու եսասիրությունը գնալով աճում է: Իսկ գիտե՞ս, թե ինչքան ծանր է նրա մասին լսել «դու խիղճ չունես» արտահայտությունը: Եթե ես և դու երկրային ծագում ունենայինք, ես չէի դիմանա, վաղուց մահացած կլինեի…

– Իսկ քո տերն ի՞նչն է ամենից շատ սիրում, գնահատում:

– Նա չափազանց փառամոլ է, ամենուր և ամեն հարցում պիտի լինի ամենալավը, ամենագեղեցիկը, ամենախելացին, ամենահարուստը…

– Լավ, ես գիտեմ, թե ինչ պետք է անել, – ասաց արդար մարդու խիղճը որոշ ժամանակ լռելուց և մտորելուց հետո:

Նրանք խորհրդավոր նայեցին միմյանց, փսփսացին, և ամեն մեկը գնաց իր գործին:

Հաջորդ առավոտյան սրիկան արթնացավ և մեկուսի ասաց.

– Որքան է կինս ինձ ձանձրացրել, հոգնեցրել:

– Ինչպես թե՝ ձանձրացրել, հոգնեցրել եմ, – սրիկան լսեց կնոջ զայրացած ձայնը: – Այդ ի՞նչ ես ասում:

– Մի՞թե ես բարձրաձայն արտահայտվեցի, – զարմացավ սրիկան, – ինչպե՞ս եղավ, որ այդ պառավն ինձ լսեց:

– Այդ ե՞ս եմ պառավը, – էլ ավելի զայրացավ կինը:

Սրիկան կատարվածից այնպես այլայլվեց, որ ուժեղ գլխացավ սկսվեց: Զգալով, որ ի վիճակի չէր աշխատանքի գնալ, մոտեցավ հեռախոսին՝ զանգահարելու տնօրենին:

– Բարի լույս, – ասաց նա շատ սիրալիր, սակայն մտածեց. «Գոնե այս ծեր ապուշը շուտով թոշակի անցներ, զզվեցրել է արդեն»:

– Գրողը տանի, այդ ինչպե՞ս ես արտահայտվում իմ մասին, ես քեզ ցույց կտամ՝ «ծեր ապուշ», – գոռաց տնօրենը: – Դու աշխատանքից հեռացված ես:

Ամբողջ օրը սրիկան տեղր չէր գտնում: Նա արդեն հասկացել էր, որ մարդիկ կարդում են իր մտքերը: Ամենասարսափելին այն էր, որ չգիտեր, թե ինչպես փոխել մտքերի ընթացքը, դա հնարավոր կլիներ, միայն եթե ընդհանրապես դադարեր մտածել: Բայց ինչպե՞ս: Իր ողջ գիտակցական կյանքում նա մտածել էր մի բան, ասել այլ բան, և նրան հավատացել էին, գնահատել, հարգել, միգուցե սիրել: Եվ ահա խնդրեմ. ամենաթաքուն բաներն այժմ հայտնի էին դառնում բոլորին:

Սրիկան այլ ելք չուներ, քան փորձել այլ կերպ մտածել: Դա շատ բարդ էր, քանի որ նա սովոր էր իր ծառայակիցներին անհաջողություն մաղթել, ընկերներին՝ աղքատություն, հարևաններին՝ վատառողջություն, հարազատներին ու մտերիմներին՝ միայնություն: Նա թաքուն երազում էր կաշառք և այլոց կանանց, վրեժխնդրության ծրագրեր կազմում, նախանձում հարուստներին, խորամանկությամբ և ստելով հասնում իր նպատակներին:

Հիմա բոլորն այդ ամենը հասկանում էին և հաճախ ասում.

– Դու խիղճ չունես:
– Խիղճդ բոլորովին կորցրել ես:

«Այդ ի՞նչ են բոլորն ասում, ի՞նչ խղճի մասին է խոսքը, որտե՞ղ այն գտնեմ», – այս մտքերն անքուն գիշերները տանջում էին սրիկային:

Նա սկսել էր չքնել, վատ սնվել, բոլորը նրանից երես էին թեքել, ոչ ոք չէր ուզում շփվել նրա հետ:

– Պետք է գտնել այդ խիղճ կոչվածը. միայն թե՝ որտե՞ղ է այն, – մի օր բացականչեց հուսահատ և արդեն ամեն ինչի պատրաստ սրիկան:

– Ես միշտ էլ այստեղ եմ եղել, կողքիդ, երբեք չեմ հեռացել, – կամացուկ ասաց նրա խիղճը: – Պարզապես դու ինձ չես նկատել: Ես փորձել եմ սրտիդ հասնել, բայց այն անդառնալիորեն փակ էր: Հիմա, երբ մարդիկ գիտեն, թե դու ով ես, իրականում ինչ մարդ ես, սիրտդ ցավից կծկվում է: Դու զգացիր, թե ինչպես են տառապել նրանք, ում դու ցավ ես պատճառել: Դու հետ ես սովորել ինձ՝ խղճիդ հետ հաշտ ապրել, խղճալ:

– Լավ, ասենք թե դու ճիշտ ես: Բայց ես գաղափար չունեմ, թե ինչ է նշանակում խղճով ապրել:

– Սկսիր նրանից, որ մարդկանց ցանկանաս միայն այն, ինչ ինքդ քեզ ես ցանկանում:

Կխոսենք, երբ փոխվես: Իսկ հիմա ես քեզնից հեռանում եմ:

– Հեյ, կանգնիր, ի՞նչ է նշանակում «փոխվել»: Ինչպե՞ս փոխվեմ՝ հագո՞ւստս փոխեմ, սանրվա՞ծքս, միգուցե նոր ավտոմեքենա՞ գնեմ: Դե, սպասիր, մի գնա, բացատրիր, թե ինչ անեմ, – բացականչեց սրիկան:

– Դու կփոխվես միայն այն ժամանակ, երբ սեփական մաշկիդ վրա կզգաս այն, ինչ արել ես ուրիշներին, – բացականչեց խիղճը և հեռացավ:

– Ես այլ ընտրություն չունեմ: Կամ պետք է փոխվեմ, կամ մահանամ: Այլապես բոլորն ինձանից խուսափում են, երես թեքում, – վերջապես հասկացավ սրիկան:

Փոխվելը շատ դժվար էր: Այն բոլոր վատ արարքները, որ նա կատարել էր, բումերանգի պես վերադառնում էին: Նրան վիճակվեց արժանանալ դավաճանության, վիրավորանքների, ստորացումների ու ծաղրի ենթարկվել, կորուստներ կրել: Օրեցօր, քայլ առ քայլ նա սովորում էր կարեկցել, խղճալ, օգնել, տալ: Միայնության տարիները նրան սովորեցրեցին հետևել իր մտքերին, կառավարել գգացմունքները: Ինքն էլ չնկատեց, թե ինչպես երկար ճանապարհ անցնելուց հետո դարձավ համբերատար, բարյացկամ, անշահախնդիր: Նրա աչքերը բացվեցին, տեսավ կյանքի ճշմարտությունը:

Տարիներ անց արդար մարդու խիղճը հանդիպեց դարձի եկած մարդու խղճին:

– Ինչպե՞ս ես ապրում, – հարցրեց նա:
– Դե, ինչպես տեսնում ես, – եղավ պատասխանը:

Նրանք կրկին խորհրդավոր ժպտացին միմյանց, հետո ամեն մեկը գնաց իր ճանապարհով:

Օնորե դը Բալզակ. «Մեր խիղճն անսխալական դատավոր է, քանի դեռ մենք նրան չենք սպանել»:

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս