«Վեթինգը պետք է սկսել Դատախազությունից»
Ռուզաննա Ադանալյանը կարծում է, որ, դատավորներից բացի, վեթինգի պետք է ենթարկվեն նաև դատախազները: Ավելին, նրանից պետք է սկսեն:
«Որդուս սպանության գործի հետ կապված հաղորդումներ եմ տվել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի, նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանի, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և ներկայիս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերաբերյալ՝ պաշտոնական լիազորություններն անցնելու և այլ հանգամանքների համար:
Ներկա պահին, քանի որ որոշումներ են կայացվել Դատախազության կողմից, որ տվյալ անձանց արարքներում հանցակազմ չկա, պահանջված ընթացակարգերով ես դրանք բողոքարկում եմ դատարաններում: Հաղորդումներ եմ տվել նաև փորձագետների վերաբերյալ, հատկապես՝ որդուս դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած Շիրակի մարզի դատաբժշկական բաժնի փորձագետ Մանվել Մելիքյանի վերաբերյալ և ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայիս տնօրեն Արգամ Հովսեփյանի և այլոց վերաբերյալ: Արգամ Հովսեփյանը երկու փորձագիտական եզրակացություն է կեղծ տրամադրել, որից մեկը որդուս դատաբժշկական փորձաքննությանն է վերաբերել, մյուսը՝ մեղադրյալի: Որդուս սրտի և թոքի շրջանում հասցված վնասվածքների վերաբերյալ տրվել է կեղծ, ոչ արժանահավատ եզրակացություն, իսկ մարդասպանի վերաբերյալ տրվել է եզրակացություն, թե ունի սրտի հիվանդություն: Դատախազությունը նշել է, որ հանցակազմ չկա»:
Հիշեցնենք՝ Գյումրիի 25-ամյա բնակիչ Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, շարունակում է պնդել՝ որդու սպանությունը կատարվել է ոչ թե մեկ հոգու, այլ խմբի կողմից, և եղել է պատվիրված:
«Որդուս սպանել են 2014 թվականի հոկտեմբերի 29-ին: Ներկա պահին գործը Վերաքննիչ քրեական դատարանում է, չգիտեմ, թե ինչպիսի՞ հանգուցալուծում կստանա: Այստեղ շատ անելիքներ ունի ՀՀ գլխավոր դատախազը: Տղայիս սպանությունը եղել է դեռևս նախկին ռեժիմի ժամանակ, երբ գլխավոր դատախազը Գևորգ Կոստանյանն էր, իսկ հիմա, կարծում եմ, որ կոռուպցիան թարմացվում է: Այս գործն ինքն իրենից արդեն կոռուպցիոն քրեական գործ է: Ներկայիս դատախազն ու վարչապետն էլ են հանցագործներ, քանի որ, երբ երկրի ղեկավարը տեղյակ է, որ մեկ այլ պաշտոնյա հանցագործություն է իրականացրել, ու ինքը, դա լսելով, քայլ չի անում, նշանակում է՝ կոծկում է:
Հիմա մեղադրանք է առաջադրվել մեկ հոգու՝ Արթուր Մարտիրոսյանի նկատմամբ, բայց դեպքի վայրում գտնվել են 20 և ավելի անձինք: Քրեական գործից բացակայում են դիակի լուսանկարները, ինչն անօրինական է, պետք է կցված լիներ դատաբժշկական եզրակացությանը: Այդ եզրակացությունն էլ է կեղծ: Մեկ անձի կողմից կատարված հանցանքն ավելի մեղմ պատիժ է նախատեսում, քան խմբի կողմից կանխամտածված սպանությունը: Հասցված է դանակի 8 հարված, բայց ներկայացված են երկուսը: Նախաքննական մարմինը քննության չի առել նաև այն, որ սպանությունը պատվիրված է: Ես հիմա նաև դատաբժիշկներին եմ դատի տվել:
«Սպանության պատվիրատուն նախկինում Շիրակի մարզի կանանց ընտանիքի և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանն է, ում հետ ունեցել եմ քաղաքացիական վեճ, առաջացել են լուրջ թշնամական հարաբերություններ: Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հաղթել եմ նրան, ընդամենը մեկ ամիս անց որդուս սպանությունն է տեղի ունեցել: Այո՛, ոստիկանությունում ես հաղորդում եմ տվել, որ որդուս սպանությունը զուտ իրար Արթուրիկ կամ Արտյոմիկ ասելու պատճառով չի եղել: Քրեական գործում առկա է թմրանյութ, որը թաքցրել է քննիչը՝ Հրաչյա Առաքելյանը, ում նկատմամբ վերջերս ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել»,- ասում է նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Կարապետյան