«Ենթադրվում էր, որ այս հեղափոխություն կոչվածը պետք է իրերի դրությունը փոխեր». Ստեփան Դանիելյանը՝ ՍԴ դատավորի ընտրության մասին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թափուր պաշտոնում Ազգային ժողովին է ներկայացրել հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը։
Թեմային իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ գրելով. «Խորհրդարանը Սահմանադրական դատարանի անդամ է ընտրում ըստ քաղաքական նպատակահարմարության՝ քաղաքական նպատակների համար։ Դրա վառ օրինակն է թեկնածուներին տրվող քաղաքական հարցերը, օրինակ․
– դատարանների շրջափակումը սահմանադրության խախտում է, թե ոչ, կամ
– Մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում եղել է, թե ոչ (այն ժամանակ, որ այդ հարցով դատական պրոցես է գնում և ՍԴ դատավորի թեկնածուն իրավունք չունի այդ հարցում կարծիք հայտնել) և այլն»։
168.аm–ի հետ զրույցում քաղաքագետը նշեց դրա հետևանքների մասին։
«Շարունակվում է հին գործընթացը. այսօրվա խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրական դատարանում ուզում է իր կողմնակցին տեսնել՝ բնականաբար ակնկալելով, որ այդ կողմնակիցը, երբ պահը գա, իրենց համար ընդունելի վճիռներ կկայացնի»,- մանրամասնեց նա։
Դանիելյանը նկատեց, որ քաղաքական ընտրությունը հետագայում ենթադրում է նաև Սահմանադրական դատարանի անդամների կողմից ակնկալվող քաղաքական որոշումներ. «Դա տեսել ենք ընտրությունները բողոքարկելու ժամանակ. դատարանի անդամներն իրենց պահել են՝ որպես քաղաքական կողմ, և ենթադրվում էր, որ այս հեղափոխություն կոչվածը պետք է իրերի դրությունը փոխեր. մեզ պետք էին արդեն ոչ թե քաղաքական կողմ հանդիսացող Սահմանադրական դատարանի անդամներ, այլ չեզոք, պրոֆեսիոնալ մարդիկ»։
Հիշեցնենք, որ 7-րդ գումարման Ազգային ժողովը երկու անգամ չընտրեց ՍԴ նոր դատավոր։ Առաջին անգամ Արմեն Սարգսյանն առաջադրել էր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, երկրորդ անգամ՝ Արթուր Վաղարշյանի։
Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել էր, որ ՍԴ դատավոր երկրորդ անգամ չընտրվեց, քանի որ թեկնածուները, ամենայն հավանականությամբ, չէին բավարարում պատգամավորներին։
Արմեն Սարգսյանը Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր նաև նախորդ գումարման Ազգային ժողովում, երբ դեռ իշխող մեծամասնություն էր ՀՀԿ-ն։ Նրա թեկնածությունը մերժվել էր։
Վահե Գրիգորյանը Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների փաստաբանն է։
Զարուհի Դիլանյան