«Համահարթեցումն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը և ներդրումների ավելացմանը»
«Համահարթեցումը բերելու է հարկերի վերաբաշխմանը՝ ուղղակի հարկերից դեպի անուղղակի հարկում, և գործարարների համար ավելի մրցունակ պայմաններ է ստեղծում: Այսինքն՝ դա ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը և ներդրումների ավելացմանը: Թե դա սոցիալական արդարությանն ինչով է հակասում, այդ մասին նիստում մանրամասն կքննարկենք: Մարդկանց հիմնական բողոքն այն է, որ հարուստների վիճակը լավացնում ենք, աղքատների վիճակը՝ վատացնում, բայց համոզված եմ, որ մանրամասն ներկայացնելու դեպքում այս բոլոր հարցերն իրենց պատասխանները կստանան»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով եկամտահարկի համահարթեցման դեմ բողոքներին:
Ըստ նրա՝ դժգոհող մարդկանց ոնց էլ բացատրեն, իրենք դեմ են լինելու. «Եթե մարդը սոցիալիստական հայացքներ ունի, ինքն ուզենալու է պրոգրեսիվ հարկում լինի, այսինքն՝ ինչքան շատ է աշխատավարձը, այնքան բարձր հարկվի: Ակցիայի մասնակիցները բովանդակային քննարկման մեջ հրաժարվել են մտնել: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում համահարթի մասով լինելու է փորձագիտական քննարկում, որտեղ անկախ մասնագետներ ևս կլինեն, իրենք նույնպես կարող են գալ մասնակցել»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները՝ պահանջելով չեղարկել Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահարթեցումը:
Հարկային օրենսգրքում փոփոխություններն ԱԺ-ում քննարկվելու է հունիսի 7-ին կայանալիք արտահերթ նիստում: