Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հարցադրումներ ունեն դատարանին. գործն ի՞նչ եղանակով է մակագրվել դատավորին. «Փաստինֆո»

Ռոբերտ Քոչարյանի գործով քննիչը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն, ում վարույթում է գտնվում Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անձեռնմխելիության հիմքով չդադարեցնելու որոշման դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Հովհաննես Խուդոյանից։

Վերջինիս խոսքով՝ քննիչի միջնորդությունը հիմնված է Ռշտունու՝ լրատվամիջոցներով արված մի քանի հայտարարությունների վրա. «Որպես պատճառաբանություն ներկայացրել էին նաեւ այն, որ նա ինքնաբացարկ է հայտնել նաեւ Վահագն Հարությունյանի գործով, եւ որպես օրինակ էին բերում դատավորներից Բաղդասարյանի կողմից նույն հիմքով ինքնաբացարկի որոշման կայացումը»։

Պաշտպանը նշեց, որ դատարանում այդ հարցը քննարկելով՝ հայտնեցին, որ Բաղդասարյանի այդպիսի որոշումը կարգապահական խախտում է համարվել, եւ չպետք է այդ հիմքով ինքնաբացարկ ներկայացվեր։ Փաստինֆո-ի այն հարցին, թե Ռշտունու կոնկրետ որ հայտարարություններն է վիճարկում մեղադրող կողմը, պաշտպանը պատասխանեց. «Խոսքը Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ զրույցում արած արտահայտություններն են, հիմա հստակ չեմ հիշում, թե կոնկրետ որը, դրանից բացի վիճարկում էին նախկինում արված հայտարարությունը, թե ինքը, որպես իրավաբան, համաձայն է դատավոր Ազարյանի կայացրած որոշման հետ»։

Ի պատասխան մեր այն հարցին, թե պաշտպանական կողմն ինչպես է վերաբերվում այդ միջնորդությանը, Հովհաննես Խուդոյանն ասաց, որ եթե դատավորը գտնի, որ ինքն անկաշկանդ է, եւ կանխակալ վերաբերմունք չունի, կարող է քննությունը շարունակել. «Բայց մենք նույնպես որոշակի հարցադրումներ ունենք դատարանին, որպեսզի որոշենք՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնում ենք թե ոչ, մասնավորապես, ուզում ենք հասկանալ, թե գործն ինչ եղանակով է մակագրվել»,-ասաց պաշտպանը եւ հավելեց. «Մեր փորձից ելնելով էլ՝ տեսնում ենք, որ ակնհայտ իրավական խնդիրներին ճիշտ իրավական գնագատականներ չեն տրվում, այսինքն՝ որոշումները կայացվում են ի վնաս պրն Քոչարյանի»։

Դատական նիստը կշարունակվի հունիսի 3-ին։

Տեսանյութեր

Լրահոս