
Գերմանիայի ԱԳ նախարարը մեկնաբանել է Իրանի շուրջն ստեղծված իրադրությունը

Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը կատարում է գործարքով ստանձնած իր պարտավորությունները: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ «Բորզիգ» դիվանագիտական առանձնատանն ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ կայացած բանակցություններից հետո:
«Մենք միջուկային համաձայնագիր ունենք: Մենք միասնական ենք այն հարցում, որ պետք է կանխենք Իրանում միջուկային զենքի հայտնվելը: Գաղտնիք չէ, որ մենք տարբեր դիրքորոշումներ ունենք այն հարցում, թե ինչպես դա իրականացնենք: Ես մեկ անգամ եւս շարադրեցի, թե ինչու մեր տեսակետով, եվրոպացիների տեսակետով միջուկային համաձայնագրի պահպանումը բարձրացնում է միջազգային անվտագության մակարդակը եւ մեզ համար կարեւոր է այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը կատարում է իր պարտավորությունները»,- ասել է Մաասը:
Նա հավելել է, որ Գերմանիան կշարունակի սույն հարցի շուրջը երկխոսություն վարել ԱՄՆ-ի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: