«Ադրբեջանն իր համայնքի ռեբրենդինգը դեռ մի տարի առաջ էր սկսել». ադրբեջանագետը՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիս 27-30-ն այցելել են տարածաշրջան: Այցի մասին տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր. «Համանախագահները մայիսի 27-ին Երևանում հանդիպել են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և մայիսի 30-ին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Երկու մայրաքաղաքներում էլ նրանք խորհրդակցություններ են ունեցել արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ: Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ: Բաքվում համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ»:
«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» ձևակերպումը քաղաքագիտական տարբեր շրջանակներում միանշանակ չընդունվեց։ Հայ փորձագետներն իրենց հրապարակումներում մասնավորապես նշում էին, որ բանակցային գործընթացի սուբյեկտայնություն է ձեռք բերում նաև «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների համայնք» կառույցը։
168.am-ը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայից, ով նշեց, որ համայնքի հին կազմի հետ հանդիպում մինչ սա էլ է եղել Մինսկի խմբի համանախագահների կողմից.
«Ուղղակի առաջ այդ կառույցը՝ որպես առանձին խաղացող, բանակցային գործընթացներում նման լուրջ վերաբերմունքի չէր արժանանում և առանձնապես վտանգ չէր ներկայացնում։ Հիմա սկսել են շատ ավելի նուրբ ու պրոֆեսիոնալ աշխատել. փոխվում է իրենց և՛ հռետորաբանությունը, և՛ աշխատանքային ոճը»։
«Ադրբեջանն իր համայնքի ռեբրենդինգը դեռ մի տարի առաջ էր սկսել, երբ հայկական կողմը սկսեց պնդել, որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ և, բնական է, որ պետք է փորձեն բարձրացնել սուբյեկտայնությունը և լեգիտիմացնել։ Այդ ռեբրենդինգի արդյունքում բավականին կոմպետենտ թիմ են հավաքել կառույցում, և փորձելու են ամեն կերպ աշխարհի համար ավելի ներկայանալի դարձնել։ Ոչ միայն Մինսկի խմբի համանախագահների հետ են հանդիպում, այլև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, տարբեր պատվիրակությունների հետ, անընդհատ հետևում են Արցախում անցուդարձին, մեկնաբանում են ցանկացած իրադարձություն, այսինքն՝ բավականին ակտիվ են դարձել վերջին մեկ տարվա ընթացքում»,- հավելեց ադրբեջանագետը։
Տեղեկացնենք, որ 2018 թվականի դեկտեմբերին այս կառույցի 68-ամյա ղեկավար Բայրամ Սաֆարովին փոխարինելու եկավ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության երիտասարդ աշխատակից Թուրալ Գյանջալիևը։
Զարուհի Դիլանյան